Արևելյան Միջերկրածովում էներգակիրներն ընդամենը խաղաքարտ են Անկարայի համար. Petrostrategies

Հոդվածը տպագրվել է էներգետիկ ուսումնասիրություններ իրականացնող ֆրանսիական Petrostrategies հետազոտական ընկերության World Energy Weekly հանդեսի սեպտեմբերի 7-ի համարում։

Օգոստոսին Արևելյան Միջերկրածովում քաղաքական և ռազմական լարվածությունն այնքան սրվեց, որ, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի խոսքով, «ամենափոքր կայծը կարող էր աղետի հանգեցնել»: Թուրքական նախահարձակ գործողությունների սրման հետ կապված՝ Ֆրանսիան տարածաշրջան ռազմանավերի խումբ ուղարկեց։ Նաև համատեղ ռազմական զորավարժություններ անցկացվեցին Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի, ինչպես նաև Հունաստանի և ԱՄԷ-ի կողմից: Տեղի ունեցավ առնվազն մեկ միջադեպ հունական և թուրքական նավերի միջև (բախում ֆրեգատների միջև), ինչպես նաև անթիվ սադրանքներ Միջերկրական ծովում երկու երկրների ռազմական օդանավերի կողմից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ իր երկիրը Անկարային ծանուցել է «կարմիր գծի» մասին, որը պետք չէ հատել, և ավելացրեց, որ ինքն ուղարկել է ավիակիր, քանի որ թուրքերը հարգում են ոչ թե խոսքը, այլ գործը։ «Ես ստիպված եմ հետեւողական լինել և՛ գործով, և՛ խոսքով: Ես կարող եմ ձեզ ասել, որ թուրքերը դա են հաշվի առնում և հարգում»,- ասաց նա:

«Ես ստիպված եմ հետեւողական լինել և՛ գործով, և՛ խոսքով: Ես կարող եմ ձեզ ասել, որ թուրքերը դա են հաշվի առնում և հարգում»,- ասել է Էմանուել Մակրոնը:«Երբ խոսքը կռվելու մասին է, մենք չենք խուսափում նահատակներ տալուց,- եղավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը:- Հարցն այն է՝ արդյոք նրանք, ովքեր մեր դեմ են ելնում Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում, պատրա՞ստ են [նույն] զոհողություններին»:

Չնայած այդ լարվածության հիմքում ընկած են վերջերս Արեւելյան Միջերկրածովում հայտնաբերված ածխաջրածնային պաշարները, իհարկե, Եվրոպա գազ արտահանելուն ուղղված նախագծերի հետ մեկտեղ, խնդիրները էներգետիկ սահմաններից անդին են։ Իրականում, Թուրքիան փորձում է ճանապարհ հարթել իր ծովային և ցամաքային սահմանների լայն վերաբանակցությունների շուրջ, որոնք սահմանվել էին 1923-ի հուլիսի 24-ին Լոզանի պայմանագրով: Այն ժամանակ այդ պայմանագիրը ոչ միայն Օսմանյան կայսրության՝ Եվրոպայի «հիվանդ մարդու» (ինչպես այդ ժամանակ այն անվանում էին) փլուզման վերջին փուլն էր, այլ նաև Մուսթաֆա Քեմալի հիմնադրած Թուրքիայի Հանրապետության հիմնաքարը: Լոզանում վերջինիս հաջողվել էր պահպանել այն, ինչ նա անհրաժեշտ էր համարում՝ քրիստոնյա փոքրամասնություններից արդեն իսկ դատարկված Անատոլիական սարահարթը (19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին տեղի ունեցած կոտորածներից և գաղթից հետո), որտեղ թուրքերը հարաբերական մեծամասնություն կլինեին ու կիշխեին մահմեդական մնացած փոքրամասնություններին՝ քրդերին, ալևիներին և արաբներին։

Այնուամենայնիվ, Թուրքիան երբեք լիովին չի ընդունել Լոզանի պայմանագիրը: Չնայած Առաջին աշխարհամարտում պարտվելուց հետո թուրքերը դա ի սկզբանե համարում էին անսպասելի հաղթանակ (քանի որ այն նորածին Թուրքիայի Հանրապետությանը տվեց Արևելյան Անատոլիայի ընդարձակ տարածքները, որոնք նախկինում հայերին և քրդերին էին տրվում 1920-ի Սևրի պայմանագրով), թուրքերն այն այժմ դիտում են որպես մի վճիռ, որն իրենց երկրին պարտադրել են արևմտյան հաղթող տերությունները: Ժամանակի ընթացքում Լոզանը դարձել է այն բաղադրիչներից մեկը, որը թուրք պատմաբաններն անվանում են «զոհի» հոգեբանություն:

Թուրքիայի վարչապետ Թուրղութ Օզալի՝ 1990-ականներին ծնված նեոօսմանյան քաղաքականությունը («yeni osmanlicik») նպատակ ուներ բեկանել թուրքական ինքնության և մշակույթի դեմ պատմության դատավճիռը և շտկել այն, ինչը համարվում էր Քեմալի արևմտյան ծայրահեղություններից մեկը: Այս քաղաքականությունը հետագայում շարունակեց Էրդողանը՝ դրա իսլամական բաղադրիչի շեշտադրմամբ և Լոզանի պարտադրած «անարդար» սահմանների շտկմանն ուղղված հստակ տարածքային դիրքորոշմամբ: «Կապույտ հայրենիքի» («Մավի վաթան») գաղափարը կերտվել է նրա առաջին կառավարության օրոք՝ 2006-ին, և պահանջում է Լոզանի պայմանագրով Թուրքիայից «գողացված» 150 000 քառակուսի կիլոմետր ծովային տարածք: «Կապույտ հայրենիքի պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան մեր հայրենիքը պաշտպանելուն ուղղված ջանքերը»,- 2020-ի օգոստոսի 18-ին հայտարարեց Էրդողանը: «Մենք կվերցնենք այն ամենը, ինչի իրավունքը Թուրքիան ունի Միջերկրական, Եգեյան և Սև ծովերում»,- ասաց նա:

Արևելյան Միջերկրածովում բնական գազի հսկայական պաշարների հայտնաբերմամբ (հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելում հայտնաբերվեց Լևիաթանի հանքավայրը 2010-ին) «Կապույտ հայրենիքի» գաղափարը նոր իմաստ ստացավ և ավելացրեց դրա կարևորությունը Թուրքիայի համար: 2016-ի հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը նոր թափ հաղորդեց իր նեոօսմանյան քաղաքականությանը: Զուտ խորհրդանշական ժեստերին Անկարան սկսեց ավելացնել կոնկրետ քայլեր ինչպես արտերկրում, այնպես էլ տանը (օրինակ, Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը): Մասնավորապես, դա արտացոլվեց Թուրքիայի միջազգային ռազմական ներկայության ընդլայնմամբ, որը մինչ այդ սահմանափակված էր Հյուսիսային Կիպրոսով (որը զավթված է թուրքական բանակի կողմից 1974-ից ի վեր): Այսպիսով, Թուրքիան այժմ ռազմական հենակետ ունի վեց երկրներում (Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Քաթար, Սոմալի և Սիրիա), ինչպես նաև օբյեկտներ Ադրբեջանում: Ավելին, Կարմիր ծովի ափին Սուդանում թուրքական ռազմածովային բազա ստեղծելու մասին համաձայնագիրը, որը լրջորեն զայրացրեց ինչպես Սաուդյան Արաբիային, այնպես էլ Եգիպտոսին, ձախողվեց միայն Խարթումում 2019-ի հունվարին վարչակարգի փոփոխության պատճառով:

Էրդողանի ռազմական գործողությունները հաճախ ներքին դրդապատճառներ ունեն: Երբ նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը՝ ԱԶԿ-ն (թուրք.՝ Adalet ve Kalkinma Partisi. AKP), 2015-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում կորցրեց մեծամասնությունը, նա դաշինք կնքեց ծայրահեղ աջ Ազգայնական շարժում կուսակցության (թուրք.՝ Milliyetçi Hareket Partisi, MHP) հետ, հուլիսին ռազմական հարձակում սկսեց քրդերի դեմ, օգոստոսին լուծարեց խորհրդարանը և հաջորդ՝ 2015-ի նոյեմբերի ընտրություններում հաղթանակ տարավ: Նա գրոհ սկսեց Սիրիայում 2018-ի հունիսյան ընտրություններից անմիջապես առաջ, որում ևս հաղթեց: Էրդողանի քննադատները կարծում են, որ Արևելյան Միջերկրածովում նրա ներկայիս առճակատումը ներքաղաքական խնդիրներից է բխում:

2019-ի մարտի տեղական ինքնակառավարման ընտրությունները լավ չէին ԱԶԿ-ի համար։ Այն կորցրեց Ստամբուլը, որի քաղաքապետը ժամանակին Էրդողանն էր, և որը նրա քաղաքական վերելքի ցատկահարթակն էր: Թուրքիայի տնտեսական մայրաքաղաքը 80 000 ձայնի առավելությամբ ընտրեց ընդդիմադիր քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Էքրեմ Իմամօղլուին: Մինչ ԱԶԿ-ն դատարաններում վիճարկում էր նախնական այս արդյունքը, Իմամօղլուն իր առավելությունը հասցրեց 800 000 ձայնի երկրորդ փուլի ընթացքում՝ 2019-ի հունիսին:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն այժմ արժանի մրցակից ունի նախագահական և խորհրդարանական ընտրություններում Էրդողանի դեմ պայքարում, որոնք պետք է անցկացվեն 2023-ի հունիսի 25-ից ոչ ուշ: Չնայած, ըստ հարցումների, այս կուսակցությունը 2020-ի փետրվարին ԱԶԿ-ից հետ էր մնում 13 միավորով, այդ բացը վեց միավոր էր արդեն հունիսին։ ԱԶԿ-ն ստիպված կլինի օգտագործել իր պաշտոնավարման մնացած երեք տարիները` ինչպես կուսակցության, այնպես էլ նրա ղեկավարի համբավը վերականգնելու համար: Այնուամենայնիվ, Թուրքիայի տնտեսությունը շատ վատ վիճակում է։

2008-ից ի վեր թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է վեց անգամ: Թուրքիայի մասնավոր հատվածի պարտքը 150 միլիարդ դոլարից հասել է 350 միլիարդ դոլարի, իսկ գնաճը քայքայում է Էրդողանի ընտրազանգվածի գնողունակությունը: Փորձելով գրավել երբեմնի հզորության հանդեպ զգայուն բնակչության սիրտը՝ «նոր սուլթանը» (Էրդողանի մականունը) խաղում է ազգային տրամադրությունների վրա՝ խոստանալով վերականգնել այն: Թուրքական կիսապաշտոնական «Սաբահ» թերթը նրան համեմատում է սուլթան Աբդուլհամիդ Երկրորդի հետ (օսմանյան վերջին բացարձակ միապետը, իշխել է 1876-1909 թթ․), որը, ինչպես գրում է թերթը, «հալածվել է» Արևմուտքի կողմից՝ երկիրն արդիականացնելու ցանկության համար: Սակայն այս համեմատությունն այնքան էլ հաճելի չէ Էրդողանին, քանի որ Աբդուլհամիդ Երկրորդը հայտնի է նաև որպես «Կարմիր սուլթան»՝ Օսմանյան կայսրության տարածքում ապրող փոքրամասնությունների դեմ իր գահակալության ընթացքում կատարված վայրագությունների պատճառով:

Քաղաքական և տնտեսական այս բոլոր խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ Թուրքիան վերականգնի իր «իրավունքները» Միջերկրական ծովում և զարգացնի վերջերս հայտնաբերված Սաքարիայի գազի հանքը Սև ծովում, գրում է «Սաբահի» հոդվածագիրը օգոստոսի 28-ին: Անդրադառնալով Լոզանի պայմանագրին՝ թերթը նշում է, որ Էրդողանը Մերձավոր Արևելքում «տարիների ընթացքում ունեցել է աշխարհաքաղաքական շատ ձեռքբերումներ»:

«Նաև նրա շնորհիվ, կարելի է ենթադրել, որ Թուրքիան գազի հանքավայրեր է հայտնաբերել Արևելյան Միջերկրածովում, չնայած դրանք հասկանալի պատճառներով չեն հրապարակվել»,- գրում է օրաթերթը: «Ասում են, որ դրանք շատ ավելի մեծ են, քան Սաքարիայի հանքավայրը»: Սա կլուծի մի քանի խնդիր, խոստանում է կիսապաշտոնական թերթը, որի միջոցով Էրդողանի խոսնակ Բյուլենթ Արընչը երբեմն դիմում է զանգվածներին. ա) Կիպրոսի հունական վարչակազմը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ինքնիշխանությունը, բ) Ֆրանսիան առնվազն կհարգի Թուրքիայի շահերը, գ) Եգիպտոսը, որը Միջերկրական ծովի արևելքում բնական գազի մեծ պաշարներ ունի, ստիպված կլինի համագործակցել Թուրքիայի հետ, դ) Հունաստանը պարտավոր կլինի հարգել Արևմտյան Թրակիայում գտնվող թուրքերին և Թուրքիա-Լիբիա ծովային գործարքը և կդադարեցնի Թուրքիային Արևելյան Միջերկրական գազային նախագծից վանելը»:

«Սաբահը» թվարկում է նաև Թուրքիայի տնտեսության համար ակնկալվող զգալի քաղաքական օգուտները, որոնք, իբր, կբերեն Սաքարիան և Միջերկրական ծովում գազի չբացահայտված հանքավայրերը: «Որպես Օսմանյան կայսրության ժառանգ՝ Թուրքիան այժմ կկարողանա.

ա) ավելի լավ պաշտպանել թուրքերին Բալկաններում, Կովկասում և Եգեյան ծովում, ինչպես նաև Իրաքում ու Սիրիայում,

բ) հերքել Հայոց ցեղասպանության մասին պնդումները,

գ) Ադրբեջանին ավելի շատ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»:

Ինչպես երևում է, էներգետիկ խաղաքարտը շատ ավելի մեծ խաղի մաս է, որը հետին պլանում ներառում է նաև Էրդողանի աջակցությունը վայելող «Մուսուլման եղբայրների» միջոցով Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության ընդլայնում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբանանը կամ Թունիսը: Դրան զուգահեռ, Թուրքիայի վերջին վերազինման ծրագիրը (այն պատրաստվում է Միջերկրական ծովում տեղակայել իր առաջին թեթև ավիակիրը, վեց սուզանավ է կառուցում, և այլն) և նրա ՝ նավթի և գազի առափնյա ուսումնասիրությունները զարգացնելու ջանքերը (այն ձեռք է բերել սեյսմիկ և երեք հորատող նավեր) բավական խոսուն են:

Որքանո՞վ կսրվի իրավիճակը Միջերկրական ծովում: Հասկանալի է, որ Թուրքիան մեկուսացված է և չունի տնտեսական և ռազմական միջոցներ իր նպատակներին հասնելու համար: Նույնիսկ Քաթարի նման երկիրը, որն այդքան պարտական է նրան (Անկարան շտապեց օգնության, երբ Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները 2017-ի հունիսին էմբարգո հայտարարեցին Դոհայի նկատմամբ) դժկամությամբ է աջակցում Թուրքիային։ Նախկինում Էրդողանը մի քանի անգամ վերջին վայրկյանին շրջադարձեր է կատարել, բայց երբեք խաղադրույքներն այսքան չի բարձրացրել։ Նա երբեք այդպիսի հսկայական խաղադրույք չի կատարել արտաքին քաղաքականությունում: Էրդողանը ստիպված կլինի իր ընտրողներին ցույց տալ կոնկրետ արդյունքներ:

Եվրամիությունը վարում է մտրակի և կարկանդակի քաղաքականություն։ Սկզբունքորեն, որոշում պետք է կայացվի սեպտեմբերի 24-ին և 25-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Խոսակցություններ կան Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք ուղղված են հիմնականում նրա ծովային հավակնություններին: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն Անկարային փոխհատուցում է առաջարկում Միջերկրական ծովում իր գործողություններից հետ կանգնելու դեպքում: Խոսվում է եվրոպական շուկա ավելի լայն մուտքի և Թուրքիայում փախստականներին նոր օգնության մասին: Այս փուլում, սակայն, ճգնաժամից դուրս գալու որևէ նախանշան չկա:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English

Մեկնաբանել