Հայաստանի ֆինանսական համակարգը բավական ճկուն է արձագանքել կորոնաճգնաժամին՝ տրամադրելով իր հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, շուրջ 1,3 տրիլիոն դրամի վարկային արձակուրդ: Այս մասին այսօր Կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանը։ Նա նշեց, որ վարկային արձակուրդ տրամադրվել է շուրջ 550 000 ֆիզիկական և 17 000 իրավաբանական անձանց՝ մինչև երեք ամիս ժամկետով:
ԿԲ նախագահի խոսքով` վարկային արձակուրդների հետևանքով մարումների տեսքով բանկեր չի մտել շուրջ 100 մլրդ դրամ: Այս ցուցանիշների ֆոնին ԿԲ նախագահը միֆ է որակում խոսակցություններն այն մասին, թե բանկերը «չաղ ու հարուստ կազմակերպություններ են»:
«Բանկերն առաջին հերթին տնտեսվարողներ են, որոնց սեփականատերերը, բաժնետերերը խելամիտ շահույթի ակնկալինք ունեն: Տարիներ շարունակ ՀՀ-ոմ գործող բանկերի շահութաբերութունը եղել է շատ ցածր: Ճգնաժամերից բանկերը բոլորից առավել են ազդվում»,- ասաց Գալաստյանը՝ պատասխանելով վարկերի տոկոսադրույքներից բողոքող և վարկային նոր արձակուրդներ պահանջող քաղաքացիների մտահոգություններին:
«Հասկանում եմ, որ յուրաքանչյուր վարկի հետևում մարդկային ճակատագրեր են: Բայց բանկն էլ ունի պարտավորություններ ավանդատուների նկատմամբ: Մենք չենք կարող վտանգել տնտեսության արյունատար անոթները՝ բանկերը, ակնկալել, որ տնտեսության օրգանիզմը կաշխատի նորմալ»,- ասաց նա՝ հավելելով, որ ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից արկածախնդրություն կլինի վարկառուներին տևական ժամանակով և զանգվածաբար վարկային արձակուրդներ տալը:
Միևնույն ժամանակ Գալստյանը տեղեկացրեց, որ այժմ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ վարկավորման ծավալի աճ է գրանցվում․ «Դա տեղի է ունենում հիմնականում երկու սեգմենտներում՝ գյուղատնտեսական վարկեր և բիզնես վարկեր: Իսկ աճի շարժիչը կառավարության օժանդակության ծարագրերն են, որոնցով պետությունը 80 մլրդ դրամ է տեղաբաշխել վարկերի տեսքով»:
ԿԲ-ն որոշ մտահոգություններ ունի վարկերի վերադարձելիության խնդրի խորացման տեսանկյունից: Խնդիրը պայմանավորված է կորոնաճգնաժամի երեք ամսվա ընթացքում տրամադրված վարկային արձակուրդներով:
«Կան ռիսկեր, որոնք կարող են ի հայտ գալ ավելի ուշ: Հվանաբար բանկերը դուսրգրումներ կանեն: Սակայն Կենտրոնական բանկը պատրաստ է բանկերին տրամադրել անհրաժեշտ իրացվելիություն»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ բանկերի ընդհանուր վարկայի պորտֆելը 3,6 տրիլիոն դրամ է:
Նա հաստատեց լուրերն այն մասին, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հայտարարված «լոկդաունի» շրջանում բանկերից ավանդների որոշակի արտահոսք է նկատվել, սակայն որոշ ժամանակ անց միտումը վերականգնվել է: «Այժմ իրավիճակը կայուն է»,- վստահեցրեց նա՝ հավելելով, որ ապագայի վերաբերյալ կանխատեսումների կխուսափի, քանի որ շատ բան կախված է առողջապահական ճգնաժամի հաղթահարման արդյունավետությունից:
«Այժմ մեր կանխատեսումներում դնում ենք առողջապահական գործոնը, և շատ բան կախված կլինի, թե կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիք կլինի, թե ոչ, ինչպիսի առողջապահական իրավիճակ կստեղծվի երկրում: Հույսն այն է, որ մենք խելամիտ ու զգոն կլինենք դպրոցների վերաբացման հետ կապված, խստորեն կպահենք հակահամաճարակային կանոնները, որ նոր խնդիրների չբախվեք»,- ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: