Արցախ մուտքի սահմանափակումները հանվում են

Սեպտեմբերի 8-ին Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են: Սահմանափակումը մտցվել էր ապրիլի 20-ին։ Այսուհետ Արցախից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: 

«Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը, սակայն սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու արտաքին զննություն: Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Ելքի և մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու են հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշել է Արցախի պարետը՝ կոչ անելով ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստագույնս հետևել համավարակի կասեցման համար սահմանված կանոններին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ օգոստոսի 12-ի հրամանով՝ Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22-ը ներառյալ:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ մինչև այսօր Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 316 դեպք, ապաքինվել է 277 մարդ, փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: Մինչ այսօր կատարվել է 12 371 փորձանմուշի հետազոտություն:

Անժելիկա Զաքարյան

Ստեփանակերտ