Դռնփակ նիստ՝ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի հարցը քննարկելու համար

Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ Մարտի 1-ի անջատված գործով նիստը սեպտեմբերի 8-ին վերսկսվեց մեկամսյա արձակուրդային դադարից հետո։ Դատարանը ՀՀ 2-րդ նախագահ, այս գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությամբ նախ քննարկեց տուժողների հարցը, թե ովքեր պետք է մասնակցեն դատավարությանը։ 

Փաստաբան Հայկ Ալումյանը անդրադաձավ դատակոչի ցուցակում ներառված 102 հոգուն որպես գործով վկա հրավիրելու դատախազության միջնորդությանը: Ըստ նրա՝ մեղադրող կողմը անհասկանալի չափանիշներով է տուժողներին ընդգրկել դատակոչի ցուցակ։ 

Դատարանը, լսելով կողմերին, գտավ, որ տուժածների դատավարական կարգավիճակի որևէ փոփոխության կարիք չկա։

Այնուհետև Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ օգոստոսի 4-ին դատարանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի որոշման հարցին և հետաձգել քննությունը՝ էական հանգամանքները պարզելու անհնարինությունից ելնելով։

Վարդևանյանը հավելեց, որ այդ հանգամանքներն իրեն արդեն հասանելի են՝ խնդրելով, որ նիստն ընթանա դռնփակ։ Վարդևանյանը դատարանին խոստացավ հիմնավորումները հենց այդ նիստում ներկայացնել։

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց դռնփակ նիստում քննարկել գույքի արգելանքի հետ կապված պաշտպանական կողմի միջնորդությունը։

Այս նիստին ներկա չէին Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու նրանց ներկայացուցիչները։ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը դատավորից հետաքրքրվեց, թե ինչու նրանք չեն ներկայացել, ինչին ի պատասխան՝ Դանիբեկյանն ասաց, որ դատարանն ունի տեղեկություն։

Տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին հայտարարեցին, որ դադարեցնում են մասնակցությունը դատաքննությանը, քանի որ դատավարությունը տեղից չի շարժվում, իսկ դատական համակարգում բարեփոխումները կանգնել են։

Ի դեպ, նախորդ դատական նիստին պետք է դատավորին բացարկի միջնորդություն ներկայացներ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Վերջինս, սակայն, դատարան չէր եկել, իսկ գրավոր դիմումում պարզապես գրել էր, որ չի ներկայանում՝ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով։ Այսօրվա նիստի ընթացքում Պողոսյանը այդ միջնորդությունն այդպես էլ չներկայացրեց։

Մարտի 1-ի գործի անջատված մասով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք վերցնելու համար, 2008-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև Արմեն Գևորգյանին, որն այդ ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ Նրան էլ մեղադրանք առաջադրվեց, որ «օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին տապալելու սահմանադրական կարգը և կաշառք է ստացել»։ Այս անձանցից միայն Ռոբերտ Քոչարյանն է կալանքի տակ։ 

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ արխիվային