Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ ՄԻԵԴ-ի մայիսի 26-ի վճիռը բողոքարկվել է ՄԻԵԴ Մեծ պալատին։ 

Մայիսի 26-ին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով՝ Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրել էր հայերի հանդեպ էթնիկ խտրականության ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չի վերագրել Ադրբեջանին՝ նշելով, որ արարք կատարելիս Սաֆարովը եղել է մասնավոր կարգավիճակում։ 

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ վճիռը՝ Գուրգեն Մարգարյանի գործով

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել էր նաև դատական ծախսերի փոխհատուցում կատարել՝ ավելի քան 15,000  ֆունտ ստեռլինգի չափով։ 

Մարգարյանն ու Մակուչյանը 2004-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում գտնվել էին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Ռամիլ Սաֆարովը մտել էր Մարգարյանի սենյակ և կացնով սպանել նրան, փորձել էր մուտք գործել նաև Մակուչյանի սենյակ, ինչ նրան չէր հաջողվել։ 2012-ի օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ վերջինս հերոսացվեց ու արժանացավ մի շարք պարգևների։ 

Մկրտիչ Կարապետյան