Ազգային արխիվի տնօրենը պաշտոնանկ է արվել. աշխատակիցները դիմել են վարչապետին

Արդարադատության նախարարությունը պարզաբանել է Ամատունի Վիրաբյանի՝ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատման շուրջ տարածվող լուրերը:

Արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Ամատունի Վիրաբյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում նշում է, որ «արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել»։

ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ արդարադատության նախարարության մամուլի խոսնակը պարզաբանել է, որ դրա վերաբերյալ նախարարությունը չունի որևէ առարկություն, և այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են կառավարությունից ստացված միջոցների հաշվին։

«Սակայն «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաև շահութահարկի գծով պարտավորություն, և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը, որոնց հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 մլն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։

Ինչ վերաբերում է պարոն Վիրաբյանի այն պնդմանը, որ «հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է տալիս», ապա հարկ է նկատել, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախապատրաստվել են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն քրեական գործի հարուցումը 24․05․2019թ-ին մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է», – ասված է պարզաբանման մեջ։

Ամատունի Վիրաբյանը, որը Հայաստանի ազգային արխիվի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից, ըստ նախարարության ավելի վաղ տարածած հաղորդագրության, ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառումը վարել է խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում։ Արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

«Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են»,- ավելի վաղ հայտնել էր Լուսինե Մարտիրոսյանը:

Ի պատասխան Ամատունի Վիրաբյանը հայտնել է լրատվամիջոցներին, որ եթե նախարարությունն իր նկատմամբ կիրառված սկզբունքով դիտարկի մյուսներին, ապա պետք է աշխատանքից ազատի ոչ միայն իրեն, այլև մյուս բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին, քանի որ ՊՈԱԿ-ների տնօրեններն այդ հարկերը չեն վճարել:

Նա նաև հայտնել է, որ կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է հատկացրել, որով ինքը հիշյալ չվճարած հարկերը վճարել է:

Հարկային ստուգումների արդյունքում ակտավորվել է 793 մլն դրամի հարկային պարտավորություն:

«Հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար են տալիս, որ վճարի»,- ասել է Վիրաբնանը, հայտնում է «Սպուտնիկը»:

Վիրաբյանի պաշտոնանկությանը դեմ են նաև Ազգային արխիվի աշխատակցիները: Արխիվի շուրջ 250-ից ավել աշխատակիցներ օրերս նամակով դիմել են ՀՀ վարչապետին․ նամակը հանրայնացրել են սեպտեմբերի 8-ին։

Նամակում մասնավորապես նշվում է, որ Վիրաբյանը «վայելում է կոլեկտիվի հարգանքն ու սերը, որի կորիզն են կազմում փորձառու պրոֆեսիոնալ պատմաբաններ, արխիվագետներ»:

«Հաշվի առնելով նշված ծառայությունները, ինչպես նաև արխիվային գործի առանձնահատկությունները և այն մասնագիտական աշխատանքը, որն այսօր իրականացնում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, խնդրում ենք հնարավորություն տալ Ա. Վիրաբյանին շարունակելու պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը», – ասված է վարչապետին ուղղված նամակում:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Լուսանկարում՝ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամատունի Վիրաբյանը

Մեկնաբանել