Մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավորին և նրա որդուն

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախկին պատգամավոր Հ.Դ.-ին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ վերջիններս թաքցրել են հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը։ Մեղադրանքն առաջադրվել է «Հետք» լրատվական կայքի հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա։

Խոսքը, ըստ «Հետք» պարբերականի, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու մասին է։

«Ըստ մեղադրանքի` պատգամավորը, 2018-2019 թվականներին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր, 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի ներառել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի, այդ թվում` Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող բնակարանների և հողամասերի մասին տվյալները:

Բացի այդ, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Հ. Դ.-ի որդին, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, իր` 2018 թվականի հայտարարագրում չի ներառելտվյալ հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման և սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ տվյալները, այսինքն` այդ կերպ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտոնը ստանձնելու պահին Հրանտ Դավթյանը հայտարարագրել էր՝ 

  • անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը
  • 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը
  • հողամաս

Դավթյանը հայտարարագրել է նաև երկու ավտոմոբիլ՝ TOYOTA CAMRY 2.4 և MERCEDES-BENZ S 500։

Արսեն Դավթյանը որևէ սեփականություն չի հայտարարագրել։

 

Լուսինե Վարդանյան