2016-ի ապրիլին որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի սկզբնական փուլում զինվորները սննդի և փամփուշտի պակաս չեն ունեցել, սակայն «եկել է պահ, որ որոշ դիրքերում կամ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»։ Օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասել է՝ հանձնաժողովը զեկույց է հրապարակելու, որտեղ մանրամասն բացատրելու են՝ ինչո՞ւ են սահմանափակ եղել հնարավորությունները, արդյոք հրամանների ուշացում եղե՞լ է, թե՞ ոչ, եթե այո՝ ինչո՞ւ։

Ապրիլյան պատերազմի թեմայով Սերժ Սարգսյանի հրավիրած ասուլիսը Քոչարյանը բնութագրել է որպես «ասուլիս ոչնչի մասին»։

«Ըստ էության նա Ապրիլյանի թեմայից ոչինչ չի խոսել, ի՞նչ է խոսել: Ես էլ մեկ հարց եմ տվել՝ հակառակորդը քանի՞ դիրք է դրել, չեմ ասել քանի հեկտար։ Սերժ Սարգսյանը այդ հարցերին չի պատասխանել, դա չի եղել իր օրակարգում»,- լրագրողներին հայտնել է Քոչարյանը։

***

Օգոստոսի 19-ին «Հարսնաքար» համալիրում գումարված ասուլիսում պատասխանելով հարցին, թե ,համաձա՞յն է Ապրիլյան պատերազմում 20-ից ավելի դիրք կորցնելու պնդման հետ, Սարգսյանը պատասխանել էր․ «Մի բան կարող եմ վստահաբար ասել, որ սխալ թիվ է հնչել և ես կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովը իր ամբողջական աշխատանքը չի ավարտել։ Ես վստահեցնում եմ, որ երբ որ ամբողջական լինի և հնչեն թվեր, ապա այդ ամենին և հատ առ հատ անդրադառնալու եմ»։

Տեսանյութը՝ 2020թ․ ապրիլի 16-ի

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել