ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոն զրուցել է ԱՄՆ Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանի հետ։ Նա համահեղինակն է վերջերս հրատարակված գրքի, որը կրում է «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը․ ավտորիտարիզմի անկումն ու քաղաքացիական դիմադրությունը բազմաբևեռ աշխարհում» (Armenia’s Velvet Revolution: Authoritarian Decline and Civil Resistance in a Multipolar World) խորագիրը: Օհանյանը զուգահեռներ է անցկացնում 2020-ի Բելառուսի և 2018-ի Հայաստանի միջև։ Այս թեմաով Աննա Օհանյանը հոդված է գրել Ալ Ջազիրայի համար՝ «Բելառուսները շատ բան կարող են սովորել Հայաստանի թավշյա հեղափոխությունից» (Belarusians can learn a lot from Armenia’s Velvet Revolution) վերնագրով։
– Պրոֆեսոր Օհանյան, հոդվածում դուք նշել էիք, որ շարժումը Հայաստանում չէր պահանջում փոփոխություններ իրականացնել արտաքին քաղաքականության մեջ՝ Ռուսաստանին օտարելու համար։ Ինչո՞ւ է սա այդքան կարևոր հաջողության հասնելու համար, և ի՞նչ պետք է անեն բելառուսները դա ապահովելու համար:
– Կարծում եմ՝ համեմատելը կարևոր է, որովհետև այս երկու երկրները փորձել են ժողովրդավարական փոփոխություն մտցնել Ռուսաստանի ավտորիտար ուղեծրում, և հայկական մոդելը, եթե կարող ենք այդպես անվանել, ուսանելի ու կարևոր է նաև գլոբալ առումով, եթե փորձում ենք հասկանալ՝ որոնք են այն սցենարները և հնարավոր ճանապարհները հետխորհրդային երկրների համար՝ դառնալու ժողովրդավար․․․
Հետխորհրդային շրջանում գունավոր հեղափոխությունը, որը կապված էր միջազգային ուժեղ ներգրավվածության և աշխարհաքաղաքական պառակտիչ հռետորաբանության հետ և որի խոսույթում գերակշռում էր հիմնականում վերևից ներքև ուղղությունը, թվում էր փոքր-ինչ գերիշխող սցենար, որին կարող էին հետևել երկրները: Բայց հայկական մոդելը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն առաջին հերթին արևմտյան արտահանում չէ, այն իրականում ժողովրդական է, և պարտադիր չէ, որ եվրոպական գաղափար լինի։
Այսպիսով, այս համատեքստում Հայաստանի Թավշյա հեղափոխությունը կարևոր էր իր ժողովրդական բնույթի շնորհիվ և փաստի, որ այն ժայթքեց քաղաքացիական հասարակության կողմից՝ քաղաքական տարածքից դուրս։ Եվ, իհարկե, հեղափոխության առաջնորդները արագ, հստակ և հետևողական արձագանքեցին։ Սա հակառուսական կամ արևմտամետ շարժում չէր, սա հիմնականում ուղղված էր ներքին խնդիրներին։
Ես հետևում էի, թե ինչ է կատարվում Բելառուսում․ Հայաստանի նման երկրում, որ նույնպես Ռուսաստանի անվտանգային գոտում է, դա նույնպես շատ ժողովրդական է՝ քաղաքական կառույցներից դուրս։ Բելառուսը նույնիսկ ավելի լավ վիճակում է ինչ-որ առումով՝ ազդանշանով, որ սա հակառուսական կամ եվրոպամետ հեղափոխություն չէ։ Կարծում եմ՝ առաջնորդները հենց դա էին փորձում ցույց տալ, որ սա Ռուսաստանի դեմ ուղղված չէ, որ սա չունի աշխարհաքաղաքական գունավորում։ Սակայն զարմանալի չէ, որ Լուկաշենկոն շարունակում է իր հռետորաբանությունը՝ փորձելով շարժմանը փակցնել գունավոր պիտակը, որովհետև դրանով այն միանգամից վերածվում է անվտանգության սպառնալիքի։ Դա կապվում է անկայունության, անապահովության հետ, որ բռնկվեց Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում՝ Արաբական գարնան ժամանակ։
– Հայաստանում հեղափոխության ղեկավարը և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունը կապ չունի արտաքին քաղաքականության հետ, և նպատակ չկա շրջադարձ անելու Ռուսաստանի հետ հարաբերություններում, մինչդեռ Բելառուսի ընդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան ապաստան գտավ Լիտվայում՝ ստանալով ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը։ Կարծում եք՝ կա՞ վտանգ, որ այժմ Լուկաշենկոն կարող է սա որակել գունավոր հեղափոխություն։
– Դուք միանգամայն ճիշտ եք։ Եթե նա մնար երկրում, դա ինչ-որ առումով կուժեղացներ շարժումը, մարդկանց թույլ կտար շարժման դեմք ստեղծել։ Սակայն նրա բացակայությունը նաև առավելություն էր․ շարժումը ցույց տվեց, որ այն կարող է գործել՝ առանց խորհրդանիշի, իսկ Տիխանովսկայան հենց խորհրդանիշի, քան ընդիմության, շարժման ղեկավարի դեր ուներ, որովհետև նա հայտնվել էր այդ իրավիճակում ամուսնուն ձերբակալությունից հետո: Բայց չեմ կարծում՝ փաստը, որ Տիխանովսկայան Լիտվայում է՝ բալթյան երկրում, թույլ է տալիս Լուկաշենկոյին գունավոր պիտակ կպցնել շարժմանը։ Հակառակը՝ դա իրականում շեշտադրում է մի շատ կարևոր բան, որ առնչվում է Բելառուսի շարժմանը, այն է՝ կա տարածաշրջանային շատ խոր կապակցվածություն․ Բելառուսը շրջապատված է ժողովրդավարական երկրներով և, որ ավելի կարևոր է, շատ խոր կապեր ունի այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ․․․․
Ես իսկապես չեմ կարծքում, որ Տիխանովսկայայի՝ բալթյան երկրում հայտնվելը վարկաբեկում է նրան։ Հակառակը՝ լիտվացիները, լատվիացիները և, ինչու ոչ, էստոնացիները այդ մասին խոսում են բալթյան ձևով․․․ ոչ թե կառավարությունները, այլ մարդի՛կ դուրս եկան աջակցելու հեղափոխությանը։
Հայաստանի դեպքում իրավիճակն այլ էր․ Հայաստանը բացի գործընկեր Վրաստանից՝ շրջապատված է ավտորիտար պետություններով։ Այսինքն՝ տարածաշրջանային միջավայրը Հայաստանի համար շատ անբարյացակամ էր։
– Կարծում եք՝ Բելառուսի և Հայաստանի նման երկրներում իսկապես կա՞ ցանկություն դուրս գալու Մոսկվայի ուղեծրից դեպի Արևմուտք, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի դեպքում էր: Հնարավո՞ր է, որ այս շարժումները արտաքին քաղաքականության հետ չկապելը պարզապես ռուսական թշնամանքից խուսափելու մարտավարություն է։
– Ես համաձայն եմ ձեր հարցի երկրորդ մասի հետ. ակադեմիական առումով շատ կարևոր է այս հարցը։ Ես իմ հետազոտությունում անդրադարձել եմ շարժումը արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցություններից ինչ-որ կերպ զերծ պահելու քաղաքականությանը՝ որպես մարտավարություն։ Բայց ժամանակն է մտածել ավելի խոր՝ հասկանալու, թե սա ինչ է նշանակում ավելի երկար ժամանակահատվածում որպես երկրի զարգացման ռազմավարություն։
Չեմ կարծում, որ պետք է լինի ընտրություն (Արևմուտքի և Ռուսաստանի միջև): Կարծում եմ՝ այն, ինչ վտանգված է ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում ապրող մարդկանց համար, հանրային դիսկուրսին մասնակցելն է, ձայն և ընտրություն ունենալը, քաղաքական, ներառյալ՝ արտաքին քաղաքական գործընթացներին մասնակցելը, տնտեսական, առևտրային քաղաքականության որոշումներ կայացնելը: Ընդհանրապես, երկու երկրներում էլ Ռուսաստանի նկառմամբ բարի կամք կա, ուստի սա Ռուսաստանի համար շատ կարևոր՝ մեղմ, բայց հզոր ռեսուրս է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը իմաստուն գտնվեց դա հասկանալու և չխանգարելու, հակառակ դեպքում նրանք իսկապես մսխելու էին այդ դրական ռեսուրսը և մարդկանց մոբիլիզացնեին իրենց դեմ․․․․
– Մինչ այժմ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծես թե կայուն է: Նա մեծ մասամբ պահպանել է անվտանգության ուժերի և Կրեմլի աջակցությունը: Ի՞նչ են արել հայերը, որ բելառուսները դեռ պետք է անեն, և տեսնու՞մ եք այնպիսի սցենար, որ Մոսկվան ուղղակի հրաժարվի Լուկաշենկոյից:
– Երկու երկրների միջև ամենակարևոր տարբերությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության ուժն ու խորությունն է։ Հայաստանում ավելի շատ դժգոհություններ կային համախմբման տեսանկյունից։ Հայաստանը տեսականորեն միշտ դասակարգվում էր որպես կայուն, մրցունակ ավտորիտար համակարգ, բայց, հետաքրքրականորեն, նաև որպես երկիր, որ զանգվածային համախմբման մասով ամենաբարձր մակարդակում է։ Այս խճապատկերը հատկապես հետաքրքիր էր։ Քանի որ Հայաստանում շատ դժգոհություններ կային՝ մեծ, փոքր, կոնկրետ խնդրով պայմանավորված շարժումներ, կար սովորելու կոր։ Հայաստանցիները մինչև Թավշյա հեղափոխությունն արդեն գիտեին, որ եթե հավաքվեն ինչ-որ հրապարակում, անվտանգության ուժերն ավելի հեշտ կճնշեն իրենց։ Արդյունքում զարգացրին կազմակերպված ճկունություն՝ շարժվելով հրապարակից հրապարակ։
Բելառուսի դեպքում՝ 1994-ին Լուկաշենկոյի ընտրվեուց հետո, քաղաքացիական հասարակությունը ճնշվել ու ոչնչացվել էր։ Սա շատ անբարենպաստ էր մարդկանց, ցուցարարնեի համար, որովհետև նրանք կազմակերպչական առումով թույլ են։ Եվ Ռուսաստանն ակնհայտորեն աջակցում էր Բելառուսին ու մասնավորապես Լուկաշենկոյին հիմնականում տնտեսական ռեսուրսներով՝ սուբսիդիաներով։ Բելառուսը կարողացել է ստանալ ռուսական նավթ, վերամշակել ու վաճառել այն աշխարհին։ Այս ամենը սուբսիդավորել է բելառուսական տնտեսությունը, որն իրականում երբեք չի մասնավորեցվել։ Հետխորհրդային շրջանը այստեղ երբեք չի ավարտվել։ Այսիինքն՝ բելառուսական տնտեսության 80 տոկոսը պետական հատվածն է։ Սա Պուտինին մեծ լծակ է տալիս Լուկաշենկոյին վերահսկելու գործում, ու ես չգիտեմ՝ Պուտինը կլքի նրան, թե ոչ։ Հավանականությունը, որ Լուկաշենկոն ստիպված կլինի զիջումների գնալ, շատ մեծ է, ու Պուտինն իհարկե կարող է նրան մղել Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության ստեղծմանը, որին ընդդիմանում էր Լուկաշենկոն։ Բայց արդյոք Պուտինը կլքի՞ Լուկաշենկոյին ու կաջակցի՞ ռուսամետ այլ կուսակցությունների։ Չգիտեմ՝ ինչ կորոշի։ Հավանաբար կորոշի աջակցել Լուկաշենկոյին միայն այն բանի համար, որ նրան դրդի սակարկության։
– Համեմատելով Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի ռեժիմները՝ շատերն ասում են, որ Լուկաշոնկոյի Բելառուսում տնտեսությունն ավելի լավն էր՝ աշխատատեղերի, արտագաղթի տեսանկյունից։ Կարծում եք՝ սա դեր կխաղա՞ բողոքի ցույցերի վերջնարդյունքի առումով։
– Դա իրականում շատ մեծ բանավեճի տեղիք է քաղաքագիտության մեջ՝ արդյոք ժողովրդավարությունն առաջնորդվում է տնտեսական հետաքրքրություննե՞րով, թե՞ որակներով։ Ճիշտ է՝ Բելառուսը տնտեսապես ավելի լավ վիճակում է, հավանաբար, որովհետև այն ամենառազմականացվածներից, բայց նաև ամենաինտեգրվածներից մեկն է՝ խորհրդային վարչահրամայական տնտեսությամբ։ Բելառուսն ունի հզոր արդյունաբերություն, շատ գործարաններ և այլն։
Այնտեղ սեփականաշնորհում, ազատականացում տեղի չի ունեցել։ Դա է հիմնական խնդիրը: Հայաստանի դեպքում, Սերժ Սարգսյանից առաջ էլ տնտեսությունն ազատականացված էր, ինչը փաստորեն ստեղծեց օլիգարխիա և անկայունություն, որի հետ բախվել են շատ երկրներ: Եվ դա ստեղծեց Հայաստանի շատ յուրահատուկ ավտորիտար համակարգը՝ Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող փափուկ ավտորիտար համակարգ, որն իրականում ձևավորեց բավական ուժեղ կուսակցական կառույցներ, որոնք ինտեգրված էին պետական համակարգին: Բելառուսի դեպքում, քանի որ այս մասնավորեցումը երբեք տեղի չի ունեցել, դա թույլ էր տալիս Լուկաշենկոյին կայունություն պահել։
Տնտեսական այս մոդելի ռիսկը Լոկաշենկոյի համար այն է, որ քանի որ տնտեսության մեծ մասնաբաժինը պետության ձեռքում է, քաղաքական ուժը նույնպես կենտրոնասնում է։ Իսկ Հայաստանը բախվեց օլիգարխիայի խնդրին, բայց մասնավորեցումը, քաղաքական տարածքի կրճատումը տեղ բացեց քաղաքացիական հասարակության համար։ Այն փաստը, որ Հայաստանն ուներ նաև Լեռնային Ղարաբաղի խնդիր, ուներ անկախության ավելի ուժեղ շարժումներ,- այս ամենը դեր ունեցան քաղաքացիական հասարակության զարգացման մեջ։
Սրանք չկային Բելառուսում։ Կմնա՞ Լուկաշենկոն, թե ոչ․․․ կարծում եմ՝ ոչինչ առաջվանը չի լինի, կա նոր սերունդ, որ չի ապրել Խորհրդային Միությունում։ Այսինքն, բոլոր դիսկուրսներն ու խաղաքարտերը, որ օգտագործում էր Լուկաշենկոն, այլևս չեն աշխատելու։ Վախի գործոնը կոտրված է։ Գործողություններն այլ ուղղությամբ են ընթանում, և այն փաստը, որ շատ շատ կին կա փողոցներում, կարևոր գործոն է։ Սա շատ լավ նախանշան է, որ այս ամենը ճիշտ ուղղությամբ է գնում։
Թարգմանությունը Սաթենիկ Հակոբյանի