Անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարացում և զարգացում. հեղափոխության մերժումը կեղծ երկընտրանքներին

Արմեն Գրիգորյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանի վերջին 25 տարվա հիմնական քաղաքական խոսույթներում առանցքային են եղել հարցադրումները, թե արդյոք հնարավոր է զարգանալ և բարեկեցություն կառուցել, կամ հեղափոխություն իրագործել և ժողովրդավար դառնալ, երբ Արցախի խնդիրը դեռևս լուծված չէ: Այս խոսույթներն առանցքային դեր են ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում` քաղաքական ուժերին ու գործիչներին հաճախ խոսույթների այս կամ այն բևեռներում դիրքավորելով։

Տևական ժամանակ հայ քաղաքական գործիչները պնդում էին, որ Հայաստանում հեղափոխություն հնարավոր չէ, որովհետև Արցախի հիմնախնդիրը և միջազգային դերակատարները նման զարգացում թույլ չեն տա: Փորձը ցույց է տվել, որ հեղափոխություն հնարավոր է, եթե հայ հասարակությունն այդպիսի որոշում է կայացնում: Արդյունքում, եթե հասարակությունը որևիցե որոշում է կայացնում, ապա այդ որոշումն անկասելի է: Դա վերաբերում է թե՛ Արցախյան պատերազմում տարած հաղթանակին, թե՛ ապրիլյան հեղափոխությանը, և թե՛ տնտեսական զարգացմանը: 

Նույն պնդումը կար նաև Հայաստանի ժողովրդավարացման վերաբերյալ: Հիմնական մոտեցումն այն էր, որ հակամարտությունը խոչընդոտ է ժողովրդավարացման համար. ժողովրդավարություն անհնար է արձանագրել, քանի դեռ չի լուծվել հակամարտությունը: Սակայն հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացվել են ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Ավելին, Հայաստանը «Freedom House» կազմակերպության «Nations in Transit 2020» զեկույցում 2018-2020 թթ․ դիտարկվող երեք տասնյակ պետությունների շրջանում ժողովրդավարացման տեմպերի առումով ամենամեծ առաջընթացն է ունեցել՝ միաժամանակ գրանցելով ամենաբարձր ցուցանիշը զեկույցի հրապարակման պատմության ընթացքում: 

Տնտեսական զարգացման մասին քննարկումները ևս չեն շրջանցել այս թեման. կրկին, հիմնական մոտեցումներից մեկը եղել է այն, որ տնտեսական զարգացում հնարավոր չէ, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ: 

Ընդհանրապես, տնտեսական երկարաժամկետ զարգացման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երկրների զարգացման խոչընդոտները ինստիտուցիոնալ բնույթ են կրում, և եթե պետությունը կարողանում է ինստիտուցիոնալ խնդիրներին լուծում տալ, ապա դրան անխուսափելիորեն հետևում է տնտեսական զարգացումը: Ինստիտուցիոնալ խնդիրներ ասելով՝ նկատի են առնվում հիմնականում կոռուպցիան, հովանավորչությունը, մենաշնորհները, շուկա մուտք գործելու խոչընդոտները: 

Դեռևս 18-րդ դարում քաղաքական տնտեսագիտության հայրը համարվող Ադամ Սմիթը նկատել էր, որ ժողովուրդների հարստության ստեղծման և կուտակման հիմնական աղբյուրը կառավարման ինստիտուտներն են, որոնք խթանում են մարդու վարքագիծը տնտեսական ոլորտում: Ադամ Սմիթի մոտեցումները  զարգացրել է մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն, որը  կարողացել է ցույց տալ, թե ինչ որոշիչ դեր ունեն ինստիտուտները։ Միևնույն աշխարհագրությունն ունեցող քաղաքի հատվածներ, տարանջատված լինելով տարբեր խաղի կանոններով կամ ինստիտուտներով, զարգացման տրամագծորեն տարբեր արդյունքներ են արձանագրում: Ուստի ակնհայտ է, որ բարեվարքություն խթանող ինստիտուտները, որպես կանոն, առաջ են մղել պետություններին: 

Զարգացած և զարգացող երկրների միջև համեմատական վերլուծությունները նույնպես փաստում են, որ որպես անկախ փոփոխական՝ ինստիտուտներն ավելի մեծ ազդեցություն ունեն տնտեսական զարգացման վրա, քան աշխարհագրական դիրքը կամ առևտրաշրջանառությունն ու ինտեգրվածության մակարդակը: Մեծ հաշվով, Արևմուտքի առաջընթացի հիմնական խթանը եղել են ինստիտուտները, որոնք կայուն զարգացման հենք են հանդիսացել: 

Հայաստանի տնտեսական զարգացման վերջին 30 տարվա փորձը ևս ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալ հաջող բարեփոխումները հստակ արդյունքներ են ունեցել: 90-ականներին հետխորհրդային տարածքում Հայաստանն առաջիններից է սկսել ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինչը պատերազմի մեջ գտնվելու պայմաններում երկրին հնարավորություն է տվել 1992-ից կանգնեցնել անկումը և ապահովել տնտեսական աճ: 

Գծապատկերում Հայաստանի և Ադրբեջանի ՀՆԱ-ների տարեկան տոկոսային աճն է: Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ

Հեղափոխությունից հետո էլ մտավախություն կար, որ Հայաստանի տնտեսությունն անկում կապրի, որովհետև այդպիսին է համաշխարհային փորձը: Սակայն 2018-ին ոչ միայն անկում չի արձանագրվել, այլև գրանցվել է 5,2% տնտեսական աճ, որը եղել է իրականացված բարեփոխումների արդյունք: Կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը և մի շարք այլ բարեփոխումներ հնարավորություն են տվել տնտեսավարողներին արագ արձագանքել և զարգացում ապահովել: Ավելին, 2019-ին 7,6% տնտեսական աճը, որն այդ տարում ռեկորդային էր տարածաշրջանում, ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսական խնդիրներն ինստիտուցիոնալ բնույթ են կրում: Նույնիսկ 2020-ի հունվար ամսվա տնտեսական աճը եղել է 9,2%, իսկ փետրվարինը` 9,1%: Եթե չլիներ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը, ապա ակնհայտորեն մոտակա շրջանում հնարավոր կլիներ երկնիշ տնտեսական աճ ապահովել: 

Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ազդեցություն ունի քաղաքական և տնտեսական գործընթացների վրա: Սակայն կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հակամարտության մեջ գտնվող պետությունները մի կողմից պատերազմի բեռ են կրում, իսկ մյուս կողմից՝ ավելի կազմակերպված պետություն ստեղծելու հնարավորություն ստանում: Բանակը սպասարկելու համար անհրաժեշտ է լինում ուժեղ կառավարման համակարգ ստեղծել և կարգուկանոն հաստատել: 

Այս համատեքստում կարևոր է նաև նկատի առնել, որ հակամարտության կարգավորումը կախված չէ միայն Հայաստանի ցանկությունից: Կարևոր դեր  ունի նաև Ադրբեջանի և միջազգային հանրության ցանկությունը, մինչդեռ զարգացումը կամ ժողովրդավարացումը կապելով խնդրի կարգավորման հետ՝ ակամա կախվածություն է ստեղծվում Ադրբեջանի ցանկություններից, ինչն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում: 

Բոլոր ժամանակներում պետական ինստիտուտների ձևավորման գործում կարևոր են եղել պատերազմները: Չարլզ Թիլլիի հայտնի տեսությունը, որ պատերազմն է ծնում պետություն և պետությունն է ծնում պատերազմ, արտացոլում է Հայաստանում պետականության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախանշում հետագա զարգացումը: 

Հայաստանի տնտեսական զարգացման և հետագա ժողովրդավարացման հիմնական խնդիրներն ինստիտուցիոնալ են եղել: Ցանկացած այլ մոտեցում ոչ միայն շեղում է զարգացման օրակարգից, այլև, ինչպես նախկինում է եղել, թալանը և կոռուպցիան արդարացնելու պատրվակներ ստեղծում: Եվ, ընդհանրապես, տնտեսական զարգացման սահմանափակումներ չկան. տնտեսությունը հնարավոր է շարունակական զարգացնել, եթե կա մրցակցություն և հնարավորություն` նոր գաղափարներով ու նորարարական լուծումներով ապահովելու բարեկեցությունը։ 

Հայաստանը կարող է և՛ անվտանգություն ապահովել, և՛ զարգացնել տնտեսությունն ու ամրապնդել ժողովրդավարությունը։ Դրա համար անհրաժեշտ են մեր հասարակության կամքը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հնարավորություններ և բարեփոխումներ: 

Հ. Գ. 

Ստորև վերջին 4000 տարվա ճակատամարտերի քարտեզն է: Աղբյուրը՝ The Telegraph