Հավելյալ գումար՝ արտերկրում ՀՀ դիվանագետների բնակարանների համար 

Հայաստանի դիվանագետների համար արտերկրում բնակարան վարձակալելու համար փոխհատուցման չափերը ավելացել են։ Այս հարցն ընդգրկված էր սեպտեմբերի 10-ի կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող ընթացակարգով։

Արտաքին գործերի նախարարությունը որոշման հիմնավորման մեջ հայտնում է, որ վերջին անգամ վարձակալված բնակարանների գների փոփոխություն կատարվել է ինը տարի առաջ. «Օտարերկրյա պետությունում բնակարանի վարձակալության չափը սահմանելուց հետո անցել է ինը տարի, և այդ ժամանակահատվածում օտարերկրյա պետություններում եղել է անշարժ գույքի վարձակալության գների աճ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխել բնակելի տարածության վարձակալության համար տրամադրվող գումարի չափը»,- նշում է ԱԳՆ-ն։

Այս ամենից զատ, ըստ նախարարության, հայկական դրամն է արժեզրկվել։

Որպես օրինակ արտգործնախարարությունը ներկայացրել է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Վաշինգտոնում ու Նյու Յորքում անշարժ գույքի վարձակալության գնաճը․ եթե Վաշինգտոնում ծառայություն իրականացնող առաջին քարտուղարին տրամադրվող 966 000 դրամը 2010-ին հավասար էր 2 500 դոlարի, այժմ 2000 դոլարից մի քիչ ավելի է։

2019-ի սեպտեմբերին 2010-ի սեպտեմբերի համեմատությամբ Նյու Յորքում վարաձավճարի աճը կազմել է 42 տոկոս, Լոս Անջելեսում՝ 28 տոկոս, Վաշինգտնում՝ 26 տոկոս։

Բացի այդ, բացվել են դիվանագիտական նոր ներկայացուցչություններ, դեսպանատների աշխատակիցները ևս ավելացել են, ու նրանք ներառվելու են բնակարանի համար փոխհատուցում ստացող դիվանագիտական ներկայացուցիչների ցանկում։ Վարձավճարի ավելացումը այս կարգավորմամբ չի կարող գերազանցել 5 տոկոսը, և այս որոշումը պիտի համաձայնեցվի ԱԳՆ-ի հետ։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել