Ադրբեջանում սաստկանում է իշխանության համար ընդհատակյա պայքարը. Eurasianet

Ադրբեջանի իշխանության ներսում ընդհատակյա պառակտումը վերջին շաբաթների ընթացքում գլխավոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանում հանրային դիսկուրսում, գրում է Eurasianet.org-ը։

Վերջին շաբաթներին Ադրբեջանում սրվել է բարձրաստիճան նախկին պաշտոնյաների դեմ ուղղված սև PR արշավը, որն ակնհայտորեն փորձում է ամրապնդել երկրի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նոր գվարդիայի դիրքերը:

Նոր արշավը, որ ամենաթարմն է իշխանության համար պայքարում, մի կողմում դրել է երկրի «գորշ կարդինալին»՝ նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ռամիզ Մեհթիևին և նրա դաշնակիցներին, իսկ մյուս կողմում՝ նախագահի խնամիներին և կառավարության մնացած մասին։

Արդեն մի քանի տարի է, ինչ այդ պառակտումը շարունակում է բորբոքվել մակերևույթի տակ, բայց կորոնավիրուսի արգելափակումների ֆոնին այն կրկին երևան եկավ Մեհթիևի թոռնուհու հարսանիքից հետո: Օգոստոսի 18-ին կայացած հարսանիքից տեսանյութեր էին արտահոսել, և Մեհթիևի դեմ հանրային պախարակող արշավի առիթ դարձել: Նրա դեմ մեղադրանքները անցան հարսանիքի անցկացմամբ սոցիալական հեռավորության կանոնների խախտումից անդին և ներառում էին կառավարության բարեփոխումներին խոչընդոտումն ու Ադրբեջանում ռուսական «հինգերորդ շարասյան» ղեկավարումը:

Մեհթիևը պատասխան հարված հասցրեց մի շարք հակագրոհներով:

Օգոստոսի 28-ին նա հանդես եկավ երկար հայտարարությամբ ՝ հարձակվելով Ադրբեջանի լրատվամիջոցների, ակադեմիական համայնքի և մտավորականության վրա՝ Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմում պարտվելու մեղադրանքով:

Քաղաքական հին պահակախմբի մեկ այլ նախկին հզոր անդամ Ալի Հասանովը ևս բողոքել է, որ վերջին շրջանում նույնպես ակտիվացել է իր դեմ տևական արշավը:

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ հետաքննություն է սկսվել ԶԼՄ-ների զարգացման պետական աջակցության հիմնադրամի դեմ, որը Հասանովի կողմից վերահսկվող պետական մարմին է: ԶԼՄ-ներում շրջանառվող նախնական լուրերը ենթադրում էին, որ Հասանովն անձամբ հետաքննության մեջ է, չնայած հետագայում դատախազությունը պարզաբանեց, որ հետաքննությունը նպատակ ունի «բացահայտել մեղավոր անձանց շրջանակը և նրանց պատասխանատվության ենթարկել»՝ առանց Հասանովի անունը նշելու:

Ավելի ուշ, իշխանամետ ԶԼՄ-ների մասին մի հրապարակում պնդում էր, որ թե՛ Հասանովը, թե՛ Մեհթիևը ֆինանսավորում են աքսորված հակակառավարական հայտնի գործիչ Գուրբան Մամեդովին:

«Նրանք վերջերս անհեթեթություններ են գրում,- բողոքել է Հասանովը ֆեյսբուքյան իր գրառման մեջ:- Պնդում են, որ ես Ռամիզ Մեհթիևի և Աբդին Ֆարզալիևի՝ Բաքվի Նարիմանովի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի հետ փորձել եմ հեղաշրջում անել»:

Ե՛վ Մեհթիևը, և՛ Հասանովը իրենց հակագրոհներում զգուշորեն ընդգծել են, որ հավատարիմ են Ալիևին: «Ես կհեռանամ այս աշխարհից ալիևամետ»,- գրել է Հասանովը Ֆեյսբուքում:

Իրական մարտն ընթանում է մի կողմից Մեհթիևի, Հասանովի և Հեյդար Ալիևի օրոք ծառայող այլ պաշտոնյաների, մյուս կողմից ավելի երիտասարդ, բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որոնք կապված են Ալիևի կնոջ՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։

Հարսանեկան սկանդալին հաջորդած իր մեկնաբանություններից մեկում Մեհթիևը դիմում է քննադատներին. «Իմ նախագահը տարբե՞ր է ձեր նախագահից»:

Քննադատությունների վերջին տարափի շուրջ հարցազրույցում ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Արաստուն Օրուչլուն «Ազադ Սոզ» ընդդիմադիր լրատվական կայքին ասել է, թե ակնհայտ մեղադրանք է, որ Մեհթիևի վրա հարձակվողները Ալիևային ցանկանում են տեսնել նախագահ:

««Մեհթիևների կլան» անունով հայտնի մեծ խմբավորումը չի ցանկանում, որ Մեհրիբան Ալիևան դառնա նախագահ»,- ասել է Օրուչլուն:

Ալիևը և նոր գվարդիան կարող են Մեհթիևին օգտագործել որպես քավության նոխազ՝ ներկայացնելով նրան որպես կառավարության կողմից ակտիվ խթանվող ենթադրյալ բարեփոխումների արգելափակող, կարծում է Ռուտգերսի համալսարանի ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն։

«Նրանք ձգտում են պատկերել «բարեփոխիչն ընդդեմ պահպանողականի» խնդիրը՝ կառավարության շահերին համահունչ»,- ասել է Իբադօղլուն նույն «Ազադ Սոզ»-ի ծրագրում: «Ռամիզ Մեհթիևը և նրա թիմը ներկայացվում են որպես բարեփոխումներին խոչընդոտող ուժ, և աշխատանքներ են տարվում նրան խաղից հանելու ուղղությամբ»:

Իբադօղլուն հավելել է, որ քննադատությունն անտեղի էր: «Ես կասեի, որ երկրում բարեփոխումներին խոչընդոտող ամենամեծ գործոնը կոռուպցիան է: Իսկ մարդը, որն ունի կոռուպցիան վերացնելու ամենամեծ կարողությունը, Իլհամ Ալիևն է»։

Ոմանք էլ նշում են, որ սոցիալական հեռավորության կանոնները չպահպանելու համար Մեհթիևի վրա հարձակվելն անհեթեթություն է։

«Ռամիզ Մեհթիևը քայքայել է հարյուրավոր, հազարավոր մարդկանց կյանքեր, ստիպել նրանց բանտում փտել, տասը տարով բանտարկել անմեղ մարդկանց, ստեղծել խոշտանգումների սենյակներ, մարդկանց զրկել ունեցվածքից, շանտաժի ենթարկել, խաղացել նրանց պատվի և արժանապատվության հետ»,- «Ազադ Սոզ»-ի մեկ այլ եթերում տված հարցազրույցում ասել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր քաղաքական դաշինքի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին: «Ռամիզ Մեհթիևի կատարած բոլոր հանցագործությունների համատեքստում նրա՝ թոռան համար հարսանիք կազմակերպելը շատ աննշան մեղադրանք է»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել