Պետդեպը փաստում է՝ Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավվել է, բայց առկա են խնդիրներ

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հեղինակավոր վարկանիշներում զգալի առաջընթաց է գրանցել, որոնք գնահատում են երկրի գործարար և ներդրումային միջավայրը․ այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հրապարակած «2020 թվականի ներդրումային միջավայրը» զեկույցում:

Նշվում է, որ Հայաստանում առկա են զգալի ամերիկյան ներդրումներ, մասնավորապես, Contour Global ընկերության կողմից Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ձեռք բերումն ու Lydian International-ի ջանքերը ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ուղղությամբ:

«Ամերիկյան ներդրողները ակտիվներ են ձեռք բերել նաև ՀՀ բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական-տեխնոլոգիական և հանքարդյունաբերության ոլորտներում», – մատնանշում են զեկույցի հեղինակները։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողներին, երկրի իրավական բազան և պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը, սակայն ներդրումային միջավայրը զուրկ չէ խնդիրներից:

«Խոչընդոտների թվին են դասվում Հայաստանի շուկայի փոքր ծավալը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով հարաբերական աշխարհագրական մեկուսացումը, օրենքի գերակայության և դատական համակարգի թուլությունը, ինչպես նաև կոռուպցիայի ժառանգությունը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը մեծ չէ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է միասնական ինտեգրված շուկայում:

2015թ. մայիսին Հայաստանը Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ TIFA-ն ստեղծում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների խորհուրդ՝ երկկողմ առևտրի և ներդրումների և դրանց հետ կապված հարցերի քննարկման համար: 2017 թվականի նոյեմբերին Հայաստանը ստորագրել է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մասամբ ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը», – ասված է զեկույցում։

ԱՄՆ Պետդեպարտամենտում կարծում են, որ օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում գործարար շահեր ստեղծելու կամ տնօրինելու իրավունքների որևէ սահմանափակում չկա։ «Բիզնեսի գրանցման ընթացակարգերը պարզ են։ Օտարերկրյա ընկերությունների կարծիքով՝ մնացած ողջամիտ կանոնները, քաղաքականությունը և օրենքները երբեմն խարխլում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առանցքային ինստիտուտներում անկախության, ներուժի կամ արհեստավարժության բացակայությունը, հատկապես դատական համակարգում», – կարծում են հեղինակները:

Նշվում է նաև, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության դրամատիկ փոփոխություն, և նույն թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում զրկվեցին իշխանությունից բազմաթիվ խորհրդարանականներ, որոնք, ինչպես հայտնի է, մեծ բիզնեսներ ունեն և չափազանց մեծ ազդեցություն են գործում տնտեսության խոշոր հատվածների վրա։

Համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու ջանքերի շրջանակներում իրականացվում է հակակոռուպցիոն արշավ։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, սակայն որոշ ձեռնարկություններ հայտնում են, որ այդ հաջողություններն ամրապնդելու համար ավելի լայն բարեփոխումներ են պահանջվելու դատական, հարկային, մաքսային, բժշկական, կրթական, զինվորական և իրավապահ մարմիններում: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային ուղղության, ներդրողները պնդում են, որ մնում են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել թափանցիկ, արդար և կանխատեսելի գործարար միջավայրի ապահովման համար:

Ներդրումային վեճը երկրի հանքարդյունաբերության ոլորտում զգալի միջազգային ուշադրություն է գրավել և մնում է չլուծված արդեն մի քանի տարի», – նշում են զեկույցի հեղինակները՝ նկատի ունենալով Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը, որն իրագործում է ամերիկա-բրիտանական ծագմամբ ներդրումներ ներգրաված «Լիդիան Արմենիա» ըներությունը։

Կառավարության փոփոխությունից հետո 2018 թվականին հակակոռուպցիոն արշավ է սկսվել, և համակարգային կոռուպցիայի վերացման ջանքերի շրջանակներում մի շարք աղմկահարույց գործեր են բացահայտվել։ Այս իրադարձությունները նպաստում են Հայաստանի ներդրումային միջավայրի և մրցակցային միջավայրի բարելավմանը, թեև կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալացվի երկարաժամկետ հեռանկարում, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային գործառնությունները, ինչպես նաև առողջապահությունը, կրթությունը, ռազմական և իրավապահ ոլորտները:

Ամերիկյան ընկերությունները նաև հաղորդել են, որ ներդրումային կլիման վատթարացած է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն ապահովելու անկարողությամբ: Մտահոգություններ են հնչել անկախ և ուժեղ դատական համակարգի բացակայության վերաբերյալ, ինչը խարխլում է կառավարության երաշխիքները հավասար վերաբերմունքի և թափանցիկության վերաբերյալ և սահմանափակում է ներդրումային կամ առևտրային վեճերի դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությունը:

Մեկնաբանել