Արաբա-իսրայելական «մեղրամիսը»․ ինչ հետևանքներ կլինեն Թուրքիայի և տարածաշրջանի համար

Վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում «անհավանական իրադարձությունների» տեղատարափ է։ Նախ, Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը օգոստոսի 13-ին հայտարարեցին հարաբերությունների կարգավորման մասին, իսկ սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ նմանատիպ պայմանավորվածություն են ձեռք բերել նաև Իսրայելն ու Բահրեյնը։ ԱՄԷ-ն ու Բահրեյնը դարձան երրորդ և չորրորդ արաբական պետությունները, որոնք կարգավորում են հարաբերություններն Իսրայելի հետ։ Սակայն եթե հաշվի առնենք, որ Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրից հետո 15 տարի պահանջվեց, որպեսզի երկրորդ արաբական պետությունը՝ Հորդանանը, 1994 թ. հոկտեմբերին նմանատիպ պայմանագիր ստորագրի հրեական պետության հետ, ապա մեկ ամսից էլ պակաս ժամանակում ևս երկու արաբական պետությունների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումն իրոք աննախադեպ է։

Մի շարք վերլուծաբաններ այս գործընթացը կապում են Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին սպասվող նախագահական ընտրությունների հետ՝ շեշտելով, որ այս քայլերով նախագահ Թրամփը փորձում է ապահովել հրեական լոբբիի և հրեա ընտրողների աջակցությունը։ Սակայն հարկ է նշել, որ նույնիսկ առանց այս վերջին զարգացումների, ԱՄՆ-ի գործող նախագահը, թերևս, արդեն պատմության մեջ կմնա որպես առավել իսրայելամետ նախագահներից մեկը։ Հիշենք Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու, Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու որոշումները և Թրամփի մշակած ու Իսրայելի հիմնական պահանջները ներառող արաբա-իսրայելական խաղաղության ծրագիրը։ Բացի այդ, ամերիկյան ընտրական համակարգի առանձնահատկությունների պատճառով նախագահական ընտրությունները հիմնականում որոշվում են ընդամենը մի քանի այսպես կոչված «փոփոխական նահանգներում» քվեարկության արդյունքներով, ինչպիսին են Միչիգանը, Փենսիլվանիան, Վիսկոնսինը, որտեղ հրեա ընտրողների թիվը վճռորոշ դեր չի խաղում։

Սա հաշվի առնելով՝ Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը միտված ամերիկյան վարչակազմի ջանքերն ավելի շուտ պայմանավորված են Իրանի դեմ իսրայելա-արաբական միացյալ ճակատ ձևավորելու ռազմավարությամբ։ 2017 թ. հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Մերձավոր Արևելքում Թրամփի հիմնական խնդիրը Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականության իրականացումն է, որի նպատակն է ստիպել Իրանին էական փոփոխություններ կատարել սեփական արտաքին քաղաքականությունում։ Հաշվի առնելով Իսրայել – Իրան և Սաուդյան Արաբիա – Իրան խորքային հակասությունները, Իսրայելի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև համագործակցությունը տեղավորվում է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» տրամաբանության մեջ։ Սակայն 1948-ից ի վեր շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն այս գործընթացի ծավալման համար լուրջ խոչընդոտ է։ Ծոցի միապետությունները պաղեստինցի ժողովորդի իրավունքների պաշտպանությունը դարձրել են իրենց լեգիտիմության ապահովման կարևոր սյուներից մեկը և չեն կարող հենց այնպես ստանձնել համաարաբական շահերի դավաճանի պիտակը։ Պատահական չէ, որ ԱՄԷ – Իսրայել հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը ենթադրում է նաև Իսրայելի հրաժարում Արևմտյան Ափի անեքսիայից, ինչն իրականացնելու մտադրության մասին անընդհատ հայտարարում էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը  ԱՄԷ-ի և Բահրեյնի անմիջականորեն առնչվում է նաև Թուրքիայի տարածաշրջանային շահերին

Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ի և Բահրեյնի՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը էական ազդեցություն կունենա ոչ միայն Մերձավոր Արևելքում հակաիրանական ուղղվածության արաբա-իսրայելական դաշինքի ձևավորման վրա։ Այս գործընթացն անմիջականորեն առնչվում է նաև Թուրքիայի տարածաշրջանային շահերին։ Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիա – ԱՄԷ հարաբերությունները բավականաչափ լարվել են՝ պայմանավորված ինչպես Լիբիայում հակամարտ տարբեր ճամբարներին ցուցաբերվող օգնությամբ, այնպես էլ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ակտիվ աջակցությամբ զբաղվող Թուրքիա – Քաթար դաշինքի ձևավորմամբ։ Թուրքիան նաև միանշանակ աջակցում է Քաթարին Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից ղեկավարվող արաբական մի շարք պետությունների կողմից 2017 թ. հունիսից սկսված Քաթարի շրջափակման պայմաններում և Քաթարում արդեն տեղակայել է թուրքական ռազմակայան։

Արևելյան Միջերկրածովում վերջին ամիսներին նկատվող լարվածության աճը պատճառ է դարձել մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման։ Այս համատեքստում ԱՄԷ – Իսրայել հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային ուժային հաշվեկշիռը փոխում է ի վնաս Թուրքիայի, որին, չնայած մի շարք ջանքերին, այդպես էլ չի հաջողվել 2010 թ. տեղի ունեցած «Մավի Մարմարայի» պատահարից հետո լիովին վերականգնել հարաբերություններն Իսրայելի հետ։

Պատահական չէ, որ Թուրքիան արդեն հանդես է եկել ԱՄԷ-ի և Բահրեյնի քննադատությամբ՝ վերջիններիս մեղադրելով պաղեստինցի ժողովրդի և համաարաբական շահերի դավաճանության մեջ։ Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 9-ին Արաբական պետությունների լիգան Թուրքիային մեղադրել է արաբական պետությունների ներքին գործերին միջամտելու մեջ և Անկարայից պահանջել է դուրս բերել թուրքական զորքերը Սիրիայից, Իրաքից և Լիբիայից։ Փաստորեն, հակաիրանական ուղղվածության արաբա-իսրայելական դաշինքի ձևավորմանը զուգահեռ տարածաշրջանում ընթանում է հակաթուրքական արաբական դաշինքի ձևավորում, որին, բացի Քաթարից, անդամակցում են արաբական գրեթե բոլոր ազդեցիկ պետությունները։ Թուրքիայի Նախագահ Էրդողանը ԱՄԷ-ի և Բահրեյնի գործողությունները կփորձի օգտագործել այսպես կոչված «արաբական փողոցում» սեփական ժողովրդականության և ազդեցության մեծացման նպատակով՝ իրեն և Թուրքիային ներկայացնելով որպես պաղեստինցի ժողովրդի և շարքային արաբների շահերի միակ պաշտպան։

Ամեն դեպքում, տարածաշրջանում հակաիրանական ուղղվածության արաբա-իսրայելական ոչ հրապարակային դաշինքի ձևավորումը հանգեցնելու է ուժային հաշվեկշռի փոփոխման, և այս պահի դրությամբ զարգացումներն ընթանում են Իրանին և Թուրքիային ոչ ի նպաստ։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել Իրան – Թուրքիա համագործակցության սերտացման,  սակայն չի կարելի բացառել նաև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո Թուրքիայի կողմից Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման փորձերի ձեռնարկումը։