Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր հակառեկորդ՝ 165 նոր դեպք

Վրաստանում սեպտեմբերի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք․ այս մասին հայտնում է կառավարության հատուկ stopcov.ge կայքը։

Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 392 դեպք։ Առողջացել է 1 369 մարդ։ Վարակից երկրում մահացել է 19 պացիենտ։ 

Այս պահի դրությամբ մեկուսացման մեջ է գտնվում 5 882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի աճով պայմանավորված՝ Վրաստանն այլևս չի գտնվում «կանաչ գոտու» երկրների ցանկում։

«Կանաչ գոտում» են այն երկրները, որոնք համարվում են անվտանգ նոր կորոնավիրուսի տարածման տեսանկյունից։ Նման երկրներում վարակման դեպքերի օրական աճի դինամիկայի ցուցանիշը պետք է լինի ոչ ավելի, քան 10 տոկոսը։