Լինել հոգատար և սրտացավ շրջակա միջավայրի հանդեպ․ նախարարության հորդորը

Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունը զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում, արձանագրվել են խիստ ծանրաբեռնված տեղամասեր․ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Այդ տեղամասերում գրանցվել են մարդկանց կուտակումների հետևանքով շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանության՝ մասնավորապես տարածքների աղտոտման և աղբահանության հետ կապված խնդիրներ:

«Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարար Պետրոսյանի կարգադրությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն էր ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին խնդրանքով՝ մարզպետարանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել աջակցել համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին հարակից տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

Մեկ այլ գրություն էլ ուղարկվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար»։

Ըստ տարածած հաղորդագրության՝ նախարարի կոչին արձագանքել էին նաև բազմաթիվ քաղաքացիներ ու կամավորական խմբեր, որոնք ձեռնամուխ էին եղել զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։

«Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից:

Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով միայն կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Մեկնաբանել