ՍԴ դատավորի թեկնածու Խունդկարյան․ գույքը, եկամուտները, նվիրատվությունները և ոչ միայն

Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներից Երվանդ Խունդկարյանի ընտրության հարցը։ Նա Վճռաբեկ դատարանի նախագահն է։

Խունդկարյանը 1994-ից դատական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցնում։ Առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2011-ին։ Դրամական միջոցները կազմել են 6 հազար դոլար և 9 մլն դրամ։

2019-ի հայտարարագրի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ունի 24 մլն դրամ և 6 հազար դոլար կանխիկ գումար։ Դատավորի թեկնածուն ունի 2006-ի արտադրության «Լեքսուս», որը գնել է 2014-ին։ Խունդկարյանի որդին 2 մլն դրամ նվեր է ստացել իր տատիկից՝ Անիկ Բաղդասարյանից։

Օգոստոսին երեք կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», ներկայացրին բարեվարքության թղթապանակներ Երվանդ Խունդկարյանի և ՍԴ դատավորի մեկ այլ թեկնածու Արթուր Վաղարշյանի վերաբերյալ։

Ըստ այս փաստաթղթի՝ «Երվանդ Խունդկարյանը 2001-2008-ին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։ Նրա անունը կապվում է «Ա1+» և «Նոյյան Տապան» անկախ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումների գործընթացի հետ և կասկածի տակ է դնում նկա անկախությունը։ «Ա1+» և «Նոյյան Տապան» լրատվամիջոցների չեզոքացումն ակնհայտորեն եղել է ՀՀ գործող իշխանությունների քաղաքական պատվերը, որը, հնարավոր է, պայմանավորված է եղել 2003թ. նախագահական ընտրություններով, սակայն, ինչպես փաստվել է հետագայում, զգալի հարված է հասցրել Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեությանը»։

Խունդկարյանի անունը տեսնում ենք նաև 2013-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի աղմկահարույց արտահերթ զեկույցում՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ։

Նախկին պաշտպանը մասնավորապես գրել էր. «Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»։

Անդրեասյանը նաև հրապարակել էր դատական կաշառքի սակագները՝ հայտնելով, որ «կաշառքի չափը՝ որոշվում է 10%-ից ելնելով։ Ընդհանուր առմամբ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում՝ առաջին ատյանում 500 դոլարից 10 հազար դոլար, Վերաքննիչում՝ 2-15 հազարդ դոլար, իսկ Վճռաբեկում՝ 10-50 հազար դոլար»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել