Օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են տեղափոխվում Ադրբեջան․ Մնացականյան

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով․ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին։

«Իհրակե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող»:

Մնացականյանի խոսքով՝ մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-ից 15-ը պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է: Նա հանդիպումներ է ունեցել Եգիտպոսի հայ համայնքի, ինչպես նաև Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի հետ։