Հայաստանից Ադրբեջան հոսող գետերի ջրերը պետք է պահել և ամբարել

Հայաստանից դուրս եկող բոլոր գետերը հոսում են դեպի Ադրբեջան: Միակը Դեբեդն է, որ Տավուշի մարզից անցնում է Վրաստան, բայց մի քանի տասնյակ կիլոմետր անց թեքվում է դեպի Ադրբեջան և միանում Կուր գետին:

Վերջին տասնամյակներում՝ պայմանավորված նաև գլոբալ տաքացումով, խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր է առաջացել Տավուշի մարզում և հարևան Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում:

Խորհրդային վերջին տասնամյակներում այսօրվա Տավուշի մարզի գետերի վրա կառուցվեցին ջրամբարներ Հայաստանում և Ադրբեջանում: Այդ ջրամբարներից մի քանիսը կառուցվեցին համատեղ օգտագործման համար՝ խորհրդային երկու հանրապետությունների հենց սահմանին:

Դրանցից ամենամեծը՝ Ջողասի կամ Բերքաբերի ջրամբարը, շահագործվել է մինչև 1991 թվականի ապրիլ և դադարեցվել հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Թեև միջազգային տարբեր կառույցներ առաջարկում են հենց այս ջրամբարով սկսել հայ-ադրբեջանական համատեղ ծրագիր, որը հետագայում կարող է դուռ բացել խաղաղության համար, թվում է՝ նման առաջարկները չեն կարող կյանքի կոչվել՝ հաշվի առնելով Բաքվի և Երևանի ռազմական հռետորաբանությունը և փոխզիջումների պատրաստ չլինելը:

Այսօր Տավուշի մարզից հոսող գետերի վրա Ադրբեջանը շահագործում է հինգ ջրամբար՝ Քեմեռլիի, Աբբասբեյլիի, Աղստաֆայի, Թովուզի և Խնձորուտի: Այս վերջինը կիսով չափ Հայաստանի, կիսով չափ՝ Ադրբեջանի տարածքում է՝ հայտնի Սևաքար կամ Ղարադաշ լեռան ստորոտին, որի համար հուլիսին տեղի ունեցան ռազմական գործողություններ:

Տավուշի մարզում կա չորս ջրամբար՝ Բերքաբերի, Հախումի, Տավուշի, Ծիլի ծովի (Քոլագիրի):

Բերքաբերի ջրամբարը, ինչպես նշեցինք, չի օգտագործվում արդեն գրեթե 30 տարի: Այս ջրամբարը ոռոգման ջուր է հասցրել Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների 11 գյուղերի՝ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեվան, Կիրանց, Բերքաբեր, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր: Իջևանի Ազատամուտ ավանը այս ջրամբարից ստացել է խմելու ջուր՝ համապատասխան զտում անցնելուց հետո: Այս ջրամբարից ջուր է հասել նաև Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղ:

Բերքաբերի ջրամբարի վերին ձախ հատվածը, որտեղ թափվում է Ոսկեպար գետը, Ադրբեջանի տարածքում է:

Հախումի, Տավուշի և Ծիլի ծովի ջրամբարները օգտագործվում են Բերդի տարածաշրջանի գյուղերի հողատարածքները ոռոգելու նպատակով:

Հայաստանի անկախությունից հետո հանրապետությունում որևէ ջրամբար չի կառուցվել: Այսօր կառուցման փուլում է Վեդիի ջրամբարը:

Ժամանակն է, որ Տավուշի գետերի վրա կառուցվեն նոր ջրամբարներ ջրի հոսանքի ավելի վերին հատվածներում: Խորհրդային տարիներին կառուցված ջրամբարները աշխատել են մի քանի աստիճանների պոմպակայաններով, ինչի արդյունքում ջրի գինը շատ թանկ է Հայաստանի դեռևս էժան գյուղատնտեսության համար: Ժամանակակից աշխարհը և գյուղատնտեսությունը նախընտրում են ինքնահոս ջրերի օգտագործման ուղիները, որոնք պահանջում են մեծ ներդրումներ, բայց երկարատև կտրվածքով դրանք արդարացված են:

Տավուշի մարզով դեպի Ադրբեջան հոսող գետերից ամենամեծը Աղստևն է: Ժամանակին Իջևանի մոտ գործում էր «Սպիտակ ջուր» ջրամաբար, որն արդեն տարիներ լցվել է սելավաջրերից բերված տիղմով, ավազով ու հողով և այլևս ջրամբար չէ: Այն նաև հանգստի հաճելի վայր էր:

Ըստ էության, Հայաստանը Աղստև գետի ջրերի շատ փոքր քանակն է օգտագործում: Փոխարենը, այն ամբողջովին օգտագործում է Ադրբեջանը: Հայ-ադրբեջանական սահմանային Ջաֆառլու գյուղի հարևանությամբ կառուցվել է Աղստաֆայի ջրամբարը՝ Ադրբեջանի խոշորագույն ջրային ավազաններից մեկը:

Հայաստանը շատ փոքր ծավալով է օգտագործում նաև Քարահան (Կիրանց) և Ոսկեպար գետերի ջրերը: Այս գետերի միախառնման տեղում է Բերքաբերի չգործածվող ջրամբարը: Բերքաբերի ջրամբարի հարևանությամբ՝ Ադրբեջանի տարածքում, կառուցվել է ևս մեկ՝ Աբբասբեյլիի ջրամաբար, որը շահագործվում է մինչև այսօր: Այսպիսով, Քարահան և Ոսկեպար գետերի քաղցրահամ ջրերը գրեթե բացառապես օգտագործում է Ադրբեջանը՝ ոռոգելով իր դաշտերը:

Երկու գետերի վերին հոսանքներում ջրամբարներ կառուցելու դեպքում ինքնահոս ջրով կոռոգվեն Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների հողատարածքները:

Հայաստանը ջրամբար չունի նաև Նոյեմբերյան և Կողբ գետերի վրա: Այս երկու գետերը անցնում են սահմանային Բերդավան ու Դովեղ գյուղերով և հասնելով Ադրբեջան՝ լցվում են Քեմեռլիի ջրամբարը:

Ջրամբարներ կառուցելու համար հսկայական ներդրումներ են պետք: Սակայն, եթե մեր նպատակն է գյուղատնտեսությունը զարգացնել սահմանային Տավուշի մարզում, ապա նոր ջրամբարների կառուցումը և ինքնահոս ոռոգումը այլընտրանք չունեն:

Մենք պետք է կառուցենք ջրամբարներ և ոռոգելի դարձնենք Տավուշի սահմանային գյուղերի հազարավոր հեկտար հողատարածքները, կամ շարունակենք հետևել դեպի Ադրբեջան հոսող ջրերի հոսքին:

Տեքստը և լուսանկարները՝

Թաթուլ Հակոբյանի

Մեկնաբանել