Մետրոյի նոր կայարանը կկառուցի պետությունը. Հայկ Մարության 

Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցի պետությունը․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հայկ Մարությանը խոսել է Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման հեռանկարի մասին և հայտնել, որ փորձել են ներգրավել մասնավոր ընկերությունների, որպեսզի պետության վրա այդ հոգսը չլինի․ «Բայց առաջարկած պայմանները նաև իմ կողմից գնահատվել է ոչ այդքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Եկել ենք կառավարության հետ այն համաձայնության, որ կայարանը կկառուցի պետությունը՝ իր միջոցներով: Հենց այս պահին մշակվում է նախագծի մրցույթը, որից հետո կունենանք նախագիծ, և այն կդնենք շինարարական աշխատանքների մրցույթի»: Ըստ նրա՝ նախագիծը գնահատվում է 35 միլիոն դոլար։

Մարությանը ներկայացրել է նաև մայրաքաղաքի հանրային տրանսպորտի պարկի թարմացման գործընթացը․ «Մենք գործընթացը սկսել ենք: Հարյուր մինիավտոբուսի մրցույթ ենք հայտարարել և այն կայացել է: Դա սկիզբն է»։ 

Երևանի հանրային տրանսպորտի նոր ցանցը նախագծել է բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը։ Ըստ նախագծի՝ ավտոբուսների քանակը պետք է լինի 850-950՝ հաշվի առնելով նաև պահեստային ավտոբուսների քանակը:

«Մենք գործընթացը սկսել ենք, որը կախված չէ միայն քաղաքապետարանից: Գործընթացին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև կառավարությունը, քանի որ համայնքն ինքն իր ուժերով չի կարող դա անել», – ասել է քաղաքապետը:

Մարությանի խոսքով՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր ցանցի ներդրման և ավտոբուսների ձեռք բերման գործընթացին մասնակցում են ՀՀ կառավարությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

«Կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ մենք հայտարարել ենք 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույց: Եղել է երկու մասնակից, բայց երկուսն էլ չեն համապատասխանել մրցույթի պայմաններին: Դրա համար մրցույթը համարվել է չկայացած: Հիմա մենք աշխատում ենք նոր տենդերի վրա, որպեսզի մրցույթը սկսենք»,- ասել է Հայկ Մարությանը:


Համաձայն WYG խորհրդատվական ընկերության մշակած նախագծի՝ Երևանի հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ:

Տրանսպորտային նոր ցանցով ներկայում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:

Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը: Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին:

#ՍիվիլՆեթ #Լուրեր