ԲՀԿ-ն՝ ընտրակեղծարարությանն առնչվող նոր քրեական գործի կիզակետում

Ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ․ այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

Տարածած հաղորդագրության համաձայն՝ լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված՝ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ: Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ:

Սեպտեմբերի 10-ին, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 154.2-րդ («Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը») հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ:

Գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Աղբյուրը՝ ՊԵԿ հաղորդագրությունը