Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը տեղի կունենա մարզահամերգային համալիրում

Սեպտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը։

Սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ամփոփելով անցած՝ 14-րդ համերգաշրջանը, նշել է, որ  նվագախումբը Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ, որոնց մասնակցել է 17 մեծանուն մենակատար։ Համերգներն ունեցել են 56 հազար հանդիսատես։ Նվագախմբի կողմից կատարվել է 196 ստեղծագործություն, այդ թվում 105-ը՝ հայ կոմպոզիտորների գրչին պատկանող։ Նվագախումբը հյուրախաղեր է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում։

Այս համերգաշրջանում նախատեսված է 50 համերգ, 3 փառատոն, 2 հատուկ նախագիծ, 2 ձայնագրություն և 3 հյուրախաղ։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նշել է, որ համերգի ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամավարակային բոլոր միջոցները:

«Դահլիճը մեծ է, և մենք հնարավորություն ունենք ունկնդրի համար ապահովել անվտանգության բոլոր կանոններ», – շեշտել է  Ղազարյանը:

Նվագախումբը համավարակի պայմաններում ամենաակտիվ գործունեություն ծավալած երաժշտական կոլեկտիվներից է։ Մասնավորապես, տրվել է 38 առցանց համերգ, որոնք ունեցել են մոտ 90 հազար դիտում և 400 հազար հասանելիություն։