Էդգար Մալաքյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

«Արարատ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ էդգար Մալաքյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։

Այդ մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Մալաքյանը կալանավորվել էր մեկ ամսով և ըստ փաստաբանի՝ որպես կալանքի հիմք նշվել է այն, որ Մալաքյանը հնարավոր է ազդեցություն ունենա գործով վկաների վրա։ Դեռևս հայտնի չէ, թե երբ ու ում կողմից է քննվելու պաշտպանի վերաքննիչ բողոքը։

Օգոստոսի 30-ի երեկոյան Երևանի կենտրոնում՝ Կասկադում, ընդհարում էր տեղի ունեցել մի խումբ ֆուտբոլիստների և ոստիկանների միջև։ Հետագայում, ըստ Քննչական կոմիտեի, Էդգար և Գոռ Մալաքյանները խուլիգանություն էին կատարել և ոչ սթափ վիճակում բռնություն էին գործադրել ոստիկանների նկատմամբ, նաև նրանցից մեկի ուսադիրները պոկել։ Էդգար Մալաքյանը կալանավորվեց, իսկ Գոռ Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել