Վրաստան․ նոր հակառեկորդ և կորոնավիրուսի աշխարհագրության ընդլայնում

Վրաստանում կորոնավիրուսը նոր թափ է ստացել, և չնայած համաճարակաբանների ջանքերին՝ վարակի աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է։

Սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ երկրում կորոնավիրուսի 170 նոր դեպք է հաստատվել, որոնցից մեծ մասը՝ Աջարիայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։

Բաթումիում վերջին օրվա ընթացքում գրանցվել է 124 նոր դեպք, Թբիլիսիում՝ 20, Քութայիսիում՝ 13։

Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 12 մարդ։ Այս պահին կորոնավիրուսից բուժող կենտրոններում 1 154 պացիենտ կա։ Նրանցից հինգի վիճակը ծայրահեղ ծանր է, 35-ինը՝ ծանր։

Էզուգբայայի խոսքով՝ այս թվերը հավանաբար կփոխվեն, քանի որ վարակակիրների թվի աճի հետ մեկտեղ աճում է ինչպես թեթև, այնպես էլ ասիմպտոմ և ծանր դեպքերի թիվը։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 33 վարակված կա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երեքինը ծանր։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 2 562 է, առողջացել է 1 381 մարդ, մահացել 19-ը։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը և հայտնել կանխարգելիչ միջոցառումների խստացման մասին։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել