Կորոնավիրուսի դեպքերի թվերի աճն անհանգստացնող է. Նիկոլ Փաշինյան

Վաչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում անանգստացնող համարեց վերջին օրերին հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպքերի արձանագրվող աճը:

«Թվերի աճի միտումն անհանգստացնող է: Պետք է հաշվի առնել, որ 4000-ից ավելի թեստավորումներ են արվել, բայց հայտնաբերված դեպքերի տոկոսային աճ կա: Մենք պետք է մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրենք այս հանգամանքի վրա», – ասաց վարչապետը՝ խոսքը փոխանցելով առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

Փոխնախարարը նկատեց, որ վերջին շրջանում թեև թեստավորումների քանակն աճել է, բայց նկատվում է նաև հայտնաբերված դեպքերի տոկոսային աճ: «Այսօր մոտ 7 տոկոս է կազմել, ինչը մեզ համար մտահոգիչ է: Մեր վերլուծություններով այն պայմանավորված է մինչ դպրոցական շրջանի ակտիվացմամբ, տեղաշարժի ծավալի մեծացման ու հանգստյան տներից մարդկանց հետ վերադարձով: Թեև դպրոցները բացվել են սեպտեմբերի 15-ին, բայց մինչ այդ նկատվում էր աշխուժություն»,- ասաց նա:

Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները պետք է շարունակեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կորոնավիրուսի տարածման նոր ալիքից խուսափելու համար: «Բոլոր կանոնների հստակ պահպանման դեպքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք»,- ասաց նա:

Փաշինյանը համաձայնեց փոխնախարարի հետ՝ հանձնարարելով ոստկանությանը լինել ավելի խիստ հակամահաճարակային կանոնների պահպանմանը հետևելու տեսանկյունից․ «Դիմակ չկրող քաղաքացու կողքով ոստիկանն անտարբեր չպիտի անցնի»:

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է: Մահացել է երկու մարդ։ Բացասական թեստերի թիվը 4 024 է: Դրական է կատարված թեստերի 6,8 տոկոսը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել