Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին բանավեճի է հրավիրել

«Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․
Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա ․․․»․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը վերջերս հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

Ջուլֆալակյանի խոսքով՝ հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նախարարի ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։

«Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց»,- գրել է պատգամավորը։

Վերջում Ջուլֆալակյանը նշել է, որ նախընտրում է բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի Արայիկ Հարությունյանին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը՝ նշելով, որ այդ քայլի պատճառ են հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ։

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարը նշել էր, որ Ջուլֆալակյանի հետ ինքն ունեցել է «զրո քննարկում»։

Մեկնաբանել