«Փրկված Նավալնի. կխանգարի՞ պետությունը նրան վերադառնալ Ռուսաստան»

Ռուսաստանյան Republic կայքում հրապարակվել է Օլեգ Կաշինի հոդվածը՝  «Փրկված Նավալնի. կխանգարի՞ պետությունը նրան վերադառնալ Ռուսաստան» վերնագրով։ Այն անդրադառնում է Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակին, նրա վերադարձի վտանգներին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Նավալնին ողջ է, կազդուրվում է, և եթե մինչ այսօր նրա համար անհանգստանալու գլխավոր պատճառը առողջությունն էր, ապա այժմ իրավիճակը փոխվում է։ Երեկ խոսքը մահափորձի թիրախի մասին էր, այսօր մեր առջև դարձյալ քաղաքական գործիչ է՝ նա, ումից բաժանվել էինք գրեթե մեկ ամիս առաջ՝ ինչ-որ տեղ Սիբիրում։

Ի՞նչ է փոխվել մեկ ամսվա ընթացքում։ Ալեքսեյ Նավալնու քաղաքական կենսագրությանն ավելացել է միջազգային սկանդալ՝ ներառյալ ռուս-գերմանական սրացումը և Եվրամիության «Նավալնու ցանկի» վտանգը. տեղի է ունեցել «խելացի քվեարկություն», հրապարակվել են Տոմսկի և Թաթարստանի մասին հետաքննություններ, Պեսկովը [Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար – ՍիվիլՆեթ] առաջին անգամ հնչեցրել է Նավալնու անունը։ Նավալնու կարգավիճակը՝ որպես Պուտինի քաղաքական գլխավոր հակառակորդի, այս ամսվա ընթացքում բազմակի հաստատվել է և ոչ ոքի կողմից չի վիճարկվում։

Հայտնի է, որ Նավալնին մտադիր է հնարավորինս շուտ վերադառնալ Ռուսաստան։ Հենց նոր մահափորձի ենթարկված քաղաքական գործչի համար (ի դեպ, ոչ միայն մահափորձի, այլև հանցագործներին գտնելու և պատժելու հարցում պետության ցուցադրական մերժման ենթարկված) դա ակնհայտորեն խիզախ քայլ է, այնքան խիզախ, որ մտածելն անգամ սարսափելի է։

Այդ վախը հաղթահարելու համար կարելի է Նավալնուն նայել ռուսաստանյան պետության աչքերով։ Պուտինի գլխավոր հակառակորդը ողբերգական դեպքի բերումով երկրում չէ։ Մենք՝ կոռումպացված պաշտոնյաներս, անշուշտ շահագրգռված կլինեինք նրանով, որ Նավալնին երբեք չվերադառնար։ Նա սպառնալիք է մեզ համար, մենք վախենում ենք նոր հետաքննություններից և նմանատիպ բաներից, մեզ համար ավելի շահավետ կլիներ, եթե նա դառնար երկրորդ Խոդորկովսկին, մնար թեկուզ Գերմանիայում, թեկուզ Լոնդոնում, ելույթ ունենար արտագաղթածների և Եվրոպական Միության միջոցառումներին, «Նավալնու ցանկը» և նոր պատժամիջոցները մենք հասկանալի պատճառով օգտագործում ենք քարոզչության և վարկաբեկման համար՝ հանրությանը ցույց տալով, որ մեր առաջ թշնամի է՝ պատրաստ մեր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ դաշինքի մեջ մտնելու և պաշտոնապես Ռուսաստանին վնասելու։

Նրան Ռուսաստան չթողնելու մեր միջոցները շատ են։ Մենք կարող ենք հարուցել բանտարկություն երաշխավորող քրեական գործ։ Արդեն հիմա կարող ենք պատանդ վերցնել՝ նրա որոշ համախոհներին ցուցադրաբար ձերբակալելով։ Մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք։ Վերջիվերջո, մենք տեսել ենք, թե ինչպես նրա համախոհները չեն շտապում դուրս գալ փողոց, և Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության սոցիոլոգիական տվյալները հաստատում են, որ նրա համախոհների՝ փողոց դուրս գալու ներուժը ներկայում շատ ավելի ցածր է, քան երկու-երեք տարի առաջ։ Եթե մենք թույլ չտանք նրա վերադարձը տուն, նույնիսկ նրան այժմ սատարողներից շատերը թեթևացած շունչ կքաշեն. արտերկրում նա ավելի անվտանգ կլինի։ Բայց, ինչպես տեսնում եք, որևէ նման բան մենք չենք ձեռնարկում։ Պեսկովը, Նավալնու անունը տալով, նույնիսկ ասաց, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի ազատ է մեկնել և վերադառնալ, երբ ցանկանում է, այսինքն՝ Նավալնու վերադարձը կախված է միայն նրանից (իշխանության մենախոսությունն, ի դեպ, ավարտվեց)։

Իսկապես ռուսաստանյան իշխանություններն ունեն բացառիկ հնարավորություն՝ իրենց գլխավոր հակառակորդից առանց որևէ «նովիչոկ»-ի և ընդհանրապես, առանց սկանդալի ձերբազատվելու, և մենք տեսնում ենք, որ պետությունն այդ հնարավորությունից չի օգտվում։ Հասկանալի է, որ դա միջանկյալ եզրակացություն է, վերջնական եզրակացություն հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ Նավալնին վերադառնա Մոսկվա և անցնի աշխատանքի, բայց այժմ ամեն ինչ հենց այսպես է՝ Նավալնու վերադարձը կախված է միայն իրենից, իսկ նրանք, ովքեր վախենում են նրանից, ատում են նրան և կարող են խանգարել նրա վերադարձին, այդպիսի բան չեն անում։ Միգուցե նրանց առանց Նավալնու իրականում ավելի վատ է, քան նրա ներկայությամբ։ Միգուցե նրանք Նավալնու կարի՞քն ունեն։

Նավալնին իրապես խիզախ մարդ է, և չնայած մահացու մեծ ռիսկին՝ նա կվերադառնա. այստեղ հեգնանքի որևէ առիթ չկա։ Իսկ այստեղ կա. նա կվերադառնա, որպեսզի նորից կռվի Մաքսիմ Կացի և Իվան Գոլունովի հետ, կատակի Twitter-ում, «Միասնական Ռուսաստան» կուսակցության Տոմսկի անդամների մասին հետաքննություն նկարահանի, պատրաստվի հաջորդ տարի մարզերում «խելացի քվեարկությանը»։ Եվ դա, անկեղծ ասած, ոչ պակաս տարօրինակ է, քան թունավորող պետության անօգնականությանը։ Մարդը վտանգում է կյանքը, երբ գլխավորը ոչ թե հեղափոխությունն է կամ նախագահական ընտրությունների հարցը, այլ սոցիալական ցանցերում վեճերն ու տեղական ինքնակառավարման ինչ-որ օրակարգ։ Վտանգելով կյանքը, ենթարկվելով ճնշման՝ ընդհուպ մինչև բռնաճնշումներ և մահափորձ, մարդիկ մասնակցում են սոցիալական ցանցերում անհեթեթություններին։

Կրկնենք ևս մեկ անգամ. Ալեքսեյ Նավալնին, անխոս, համար մեկ ընդդիմադիրն է՝ ամենահայտնին, ամենաազդեցիկը և ամենահաջողակը։ Քաղաքական այդքան ռեսուրս Պուտինի քննադատներից և ոչ ոք չունի։ Քաղաքական այդ հզոր ռեսուրսը Ալեքսեյ Նավալնին արդեն որերորդ տարին է՝ ծախսում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության դեմ (փաստացիորեն վաղուց գոյություն չունեցող) պայքարում։ Մարդիկ, որոնք հոգնել են Պուտինից, ատում են Պուտինին, պատրաստ են պայքարել նրա դեմ, փնտրում են իրենց կուտակած էներգիայի պարպման կետ և ամեն անգամ այն գտնում են ճահճում, որտեղ տհաճ «միասնական ռուսաստանականին» խեղդում է նույնքան տհաճ կոմունիստը կամ «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամը։ Ռուսական պետությունն ընթանում է անդառնալիության կետերով՝ մի պատերազմը, մյուսը, կենսաթոշակային բարեփոխումները, սահմանադրական փոփոխությունները, կորոնավիրուսային ճգնաժամը, և ամեն անգամ, երբ հանրության հետ ճակատային բախումը անխուսափելի է թվում, դժգոհ հանրությունը հանկարծ շրջվում և հիշում է, որ չկա ավելի կարևոր բան, քան խաբեբաների և գողերի կուսակցությունից մեկ մանդատ փախցնելը։ Պետք չէ լինել գիտնական, որպեսզի կանխատեսել՝ Պուտինը պահեստային դեռ շատ, անկանխատեսելի քայլեր ունի, շատերը կվրդովվեն, և այդ վրդովմունքը կվերածվի անհայտ շրջաններում կոմունիստների և լիբերալ-դեմոկրատների օգտին ձայների։ Վտանգելով կյանքը (առանց կատակի, շատ վտանգելով)՝ Նավալնին կվերադառնա և կշարունակի այդ հետաքրքրաշարժ գործը։ Եվ ուրեմն, ինչո՞ւ եք մտածում, որ պետությունը պետք է խանգարի նրան վերադառնալ։

Այս պատկերը տխուր է, թե հակառակը՝ յուրաքանչյուրն ինքը կորոշի, մանավանդ, որ հարցն այնքան էլ հեշտ չէ։ Բայց պատկերացնենք մարդու, որին այս ամենը դուր չի գալիս՝ հավերժական Պուտինը՝ իր կանխատեսելի անկանխատեսելիությամբ, շրջանով վազող և ոչնչի վրա չազդող բողոքները, երկրի ընկղմվելը մարազմի մեջ, ընդհանուր թախիծը, անելանելիությունը, կյանքն անցնում է։ 

Պատուհանից այն կողմ կյանքն անցնում է, մարդը, ում այս ամենը հոգնեցրել է, նայում է պատուհանից, հետո (ատելությամբ) Պուտինի՝ պատից կախված դիմանկարին, կամացուկ հայհոյում է և խաչակնքելով՝ վերցնում է հատուկ հեռախոսը՝ զանգահարելու վստահելի չեկիստի և հարցնելու, թե «նովիչոկից» դեռ շա՞տ է մնացել։ Ի՞նչն է այստեղ ֆանտաստիկ։ Այլևս չհանդուրժող մարդկանց թիվը բավական է նաև բարձրագույն օղակներում։ Ազատվել Պուտինից, ճեղքել արատավոր շրջանը և սահմանված կարգը՝ մոտավորապես այս է տրամաբանությունը։ Այժմ պարզ է, որ ոչինչ դուրս չեկավ, բայց գոնե փորձել է։ Հետաքրքիր է, իհարկե, ի՞նչ աչքերով է այդ մարդը հիմա նայում Նավալնու թարմ նկարներին, ինչի՞ մասին է մտածում, վախենո՞ւմ է արդյոք։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի