Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախում լիբանանահայերի հաստատման մասին լուրերը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախում լիբանանահայերի վերաբնակեցման մասին լուրերին:

Նա հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ում «լսել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների»՝ Լիբանանից հեռացած հայերին վերահսկվող տարածքներում բնակեցնելու մտադրության մասին: 

«Կարդացել ենք հաղորդագրությունն այն մասին, որ լիբանանյան երկու ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ 

Լիբանանյան փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ և նրա շուրջ գտնվող տարածքներ իրական հոսքի մասին ստուգված տվյալներ չունենք», – ասել է նա սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Մարիա Զախարովայի խոսքով՝ այժմ պետք է կենտրոնանալ Ղարաբաղյան հարցի, այդ թվում՝ փախստականների և տեղահանված անձանց խնդիրների լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման վրա։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և նրանց են փոխանցել միջնորդների առաջարկները՝ հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ նախարարների հետ «եռյակի» առանձին հանդիպումներ սկսելու համար: Ակնկալում ենք կողմերի դրական արձագանքը», – ասել է նա։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդիպման առաջարկով դիմել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:

Համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացանակյանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը և հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցի հետ։

Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կանխել լիբանանահայերի վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում։ Բավքի հայտարարությանը պատասխանել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը. «Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա»:

#ՍիվիլՆեթ #Լուրեր