Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը կապ չունի պատվաստման հետ․ ԱՆ

««Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ նյութն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում, ավելին` դեռահասի մոտ չկա կուրություն»․ հայտնում է առողջապահության նախարարությունը՝ անդրադառնալով երեկ մամուլում շրջանառվող լուրերին։

Ըստ պարզաբանման՝ 2003 թվականին ծնված աղջիկը սեպտեմբերի 8-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ստացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման 3-րդ դեղաչափը: Հաջորդ օրը երեխայի մայրը բժշկին տեղեկացրել է, որ երեխան գանգատվում է տեսողության խանգարումից, սակայն պոլիկլինիկա չեն ներկայացել՝ պատճառաբանելով, որ երեխան աշխատանքի է: Այնուհետև, բժշկի հորդորով`սեպտեմբերի 14-ին երեխան այցելել է պոլիկլինիկա, որտեղ զննության է ենթարկվել նյարդաբանի և ակնաբույժի կողմից, ուղեգրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Աղջիկը սեպտեմբերի 14-ին «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում «MRT 3T» հետազոտություն, ինչպես նաև կազմակերպվել են նեղ մասնագետների խորհրդատվություններ: Արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»: Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և կարող է ուղղվել ակնոցի միջոցով: Ներկայումս երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,- հայտնում է նախարարությունը:

Մեկնաբանել