Պաշտոնյաները կլինեն վերահսկողության տակ անգամ պաշտոնաթողությունից հետո

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտի ներդրում, որը թույլ կտա ավելի լիարժեք պատկերացում ունենալ նրանց ֆինանսական վիճակի մասին:

Առաջարկվող փոփոխություններով՝ հայտարարագրման ենթակա կլինեն 2 մլն դրամը գերազանցող միանվագ իրականացրած ծախսերը, ինչպես նաև մեկ ծախսային հոդվածի գծով գումարային ծախսերը, որոնք գերազանցում են 3 մլն դրամը: Այդ ծախսերի մեջ են մտնում հանգստի, բնակության, անշարժ և շարժական գույքի վարձակալության, կրթության, վարկերի վճարման, գյուղատնտեսական գործունեության, անշարժ գույքի վերանորոգման ծախսերը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախօրեին ընդգծել է, որ բացի վերոնշյալ ծախսերից, հայտարարագրման ենթակա կլինեն առանց բացառության 2 մլն դրամը գերազանցող միանվագ բոլոր ծախսերը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան գլխում նախատեսվում է նաև իրականացնել մի շարք փոփոխություններ: Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն նախատեսել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների համայնքների և աշխատակազմի քարտուղարների համար:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացով պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը՝ առավել նպատակահարմար է համարվում այս փուլում համայնքի ավագանու անդամների համար հայտարարագրման պարտականություն սահմանելիս որպես չափորոշիչ սահմանել 15 000 և ավելի բնակչություն ունենալու հանգամանքը:

Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:

Փոփոխություններով նախատեսված է թանկարժեք գույքի նշաձողի իջեցում։ Ըստ գործող կարգավորման՝ թանկարժեք է համարվել 8 մլն դրամ արժողությամբ գույքը, փոփոխություններ են առաջարկվել նվազեցնել նշաձողը մինչև 4 մլն դրամ։

Տեղեկատվություն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը:

Առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Նաև՝ սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:

Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ: Միաժամանակ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել նորմ, առ այն, որ հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով հայտարարագիրը հանձնելուց հետո չորսօրյա ժամկետում հայտարարագրում ուղղում կատարելու հնարավորություն կունենան:

Նախագծով թեկնածուներին հնարավորություն է ընձեռվել ներգրավվելու բարեվարքության ստուգման գործընթացին: Հանձնաժողովին վերապահվել է թեկնածուից պարզաբանումներ պահանջելու և ստանալու իրավազորություն, ինչպես նաև սահմանվել է, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը՝ պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով:

Նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օժտվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:

Այս առումով, հարկ է նշել, որ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումն ստուգելն ուղղված է հանցագործությունների (այդ թվում՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, ապօրինի հարստացում) հայտնաբերմանը, բացահայտմանը, կանխմանը և խափանմանը, իսկ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը բխում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ազգային անվտանգության մարմիններում և ոստիկանությունում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում, աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելու նպատակից:

Հատկանշական է, որ այս պարագայում առավել հստակ կարգավորում ունենալու նպատակով հստակ շեշտադրվել է, որ տվյալ նպատակն իրացվելի է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում բարեվարքության ստուգման դեպքում:

Ընդ որում, հաշվի առնելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի ընդհանուր տրամաբանությունը, ակնհայտ է, որ օպերատիվհետախուզական գործունեություն իրականացնող մարմինները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմելու դեպքում իրավասու են լինելու իրականացնել բացառապես «օպերատիվ հարցում» և «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչը որևէ կերպ չի ենթադրում գործող օրենդրական կարգավորումներից բացի այլ մատչելիություն ֆինանսական տվյալներին: 

#ՍիվիլՆեթ #Լուրեր