Խոդորկովսկու «Դոսյե» կենտրոնի հրապարակումը «Հայաստանում Ռուսաստանի գործակալական ցանցի» մասին

Վլադիմիր Պուտինի քննադատ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնը հետաքննական հրապարակում է ներկայացրել Թավշյա հեղափոխությունից հետ Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության վերաբերյալ։

Ըստ հրապարակման՝ իրենց տրամադրության տակ են հայտնվել գաղտնի փաստաթղթեր՝ ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի աշխատակազմից։ Չերնովը, ըստ «Դոսյե»-ի, Կրեմլի միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետն է և վերջինիս անունը «Դոսյե»-ն կապում է նաև Վրաստանի ներքին գործերին միջամտելու փաստերի հետ։

Ըստ հրապարակման՝ գեներալ Չերնովը տարածաշրջանում իր ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների մի ամբողջ ցանց՝ հրապարակային և ընդհատակյա գործող»։ Որպես օրինակ «Դոսյե»-ն բերել է նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի օրինակը, որը 2018-ին այցելել էր Ղրիմ, ինչը ՀՀ-ում Ուկրիանայի դեսպանատան դժգոհությունն էր առաջացրել։ Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ հրապարակման, Չերնովի և նրա ենթակաների համակ հսկողության ներքո է գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գաղտնի զեկույցներում ներկայացվում է որպես «Սորոսի հիմնադրամի դրածո»։

Կրեմլում Փաշինյանի համար որպես ծածկանուն ընտրել են «Մորուք»-ը և փաստաթղթերում հենց այդպես են նրան անվանում։ Սվետլանա Մաքսիմովա անունով անձի հետ կապված գրագրություններից մեկից պարզ է դառնում, որ վերջինս հայտնել է, որ «մինչ 2018-ի օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չստացվեց, ու այժմ գործի կդրվի ավելի կոշտ սցենար»։ Թե ով է Միշան՝ «Դոսյե»-ի հրապարակման մեջ չի մանրամասնվում։ Փաշինյանի մասին զեկուցագրերի հեղինակներից մեկի ծածկանունն էլ «Թեկնածու» է։ Վերջինս իր զեկուցագրերում հայտնել է, որ Փաշինյանը չի ձգտում սերտ համագործակցություն հաստատել ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի հետ, բացի այդ ասել, որ Փաշինյանի օրոք իշխանության են եկել ամերիկամետ անձինք։ Հոդվածում շոշափվել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը, ում «հաճախ են տեսնում Մոսկվայում՝ ճանաչված գործարարների հետ»։

Հետաքննության մեջ ներկայացվում են նաև երկու այլ անուններ, որոնց վերաբերյալ փաստաթղթեր և նույնիսկ անձնագրային տվյալներ են հայտնվել Չերնովի աշխատակազմի փաստաթղթերում. նրանցից մեկը Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանն է, ումից պահանջվել է ներկայացնել իրականացրած ծախսերի հիմնավորումներ, իսկ մյուսը Գագիկ Ծառուկյանն է, ում անձնագրի պատճենը հայտնվել է գեներալ Չերնովի աշխատակազմում։ «Դոսյե»-ն հայտնել է նաև, որ պաշտոնանկությունից հետո Մոսկվա է տեղափոխվել, հատուկ կարգով ստացել ՌԴ քաղաքացիություն և 200 միլիոն ռուբլիոբ բնակարան է ձեռք բերել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը։

Մեկնաբանել