2022-ին Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի

2022-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»,- գրել է նա:

Հարությունյանը ողջունել է  «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը:

«Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը: 

Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքի խորհրդարանին հատկացման հնարավորությունը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով»,- նշել է Արցախի նախագահը։

Մեկ այլ գրառման մեջ Հարությունյանը տեղեկացրել է Շուշի կատարած այցի մասին, որի նպատակը, ինչպես նախագահն է նշել, վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումն է։

Ըստ գրառման՝ աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.

  •  բնակարանաշինություն
  •  Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում
  •  խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում
  •  շրջանային բուժմիավորման շենքի կառուցում
  • Շուշի տանող ճանապարհի վերանորոգում

«Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»,- հայտնել է Հարությունյանը:

Լուսինե Վարդանյան