Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում ապաքինումս․ Ալեքսեյ Նավալնու գրառումը սոցցանցերում

«Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում ապաքինումս։ Այն թեև երկար, բայց պարզ ճանապարհ է։ Ընթացիկ բոլոր խնդիրները, ինչպես օրինակ այն, որ հեռախոսն իմ ձեռքում անօգուտ է, ինչպես քարը, իսկ ջուր լցնելը՝ մի ամբողջ արարողակարգ, անհեթեթություն է»․ Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ պատմելով իր կազդուրման մասին։

«Բացատրեմ։ Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում, թե ինչպես խոսել։ Ամեն առավոտ ինձ մոտ էր գալիս բժիշկը և ասում․ «Ալեքսե՛յ, ես գրատախտակ եմ բերել, եկե՛ք մտածենք, թե ինչ բառ գրենք դրա վրա»։ Դա ինձ հուսահատեցնում էր, քանի որ թեև արդեն  ընդհանուր հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց չէի հասկանում՝ որտեղից գտնեմ բառեր։ Ուղեղի ո՞ր մասում են դրանք առաջանում։ Ինչպե՞ս գտնել բառ և այնպես անել, որ այն որևէ բան նշանակի։ Այս ամենը շատ անհասկանալի էր։ Սակայն ես նաև չգիտեի, թե ինչպես արտահայտեմ հուսահատությունս և այդ պատճառով պարզապես լռում էի։ Եվ  սա դեռ նկարագրում եմ ուշ փուլը, որի մասին ինքս եմ հիշում։

Այժմ ես տղա եմ, ում ոտքերը դողում են, երբ քայլում է աստիճաններով, բայց մտածում է․ «Օ՜, չէ՞ որ սա աստիճան է։ Դրանով բարձրանում են։ Թերևս հարկավոր է գտնել վերելակ»։ Իսկ առաջ նա պարզապես կկանգներ և կնայեր։

Այնպես որ, շատ խնդիրներ դեռ հարկավոր է լուծել, բայց Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի հրաշալի բժիշկները լուծել են գլխավոր խնդիրը։ Նրանք ինձ «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածել են նրան, ով ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ժամանակակից աշխարհի գոյության բարձրագույն ձևը՝ մարդ, որը ունակ է արագ թերթելու Instagram-ը և առանց մտածելու հասկանալու, թե ինչպես է պետք հավանել որևէ հրապարակում»,- գրել է նա։

***

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցում: Նա օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ էր զգացել, ինչից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում: Նավալնին կորցրել էր գիտակցությունը, նրան մտցրել էին արհեստական կոմայի մեջ։ 

Ավելի ուշ Ալեքսեյ Նավալնուն տեղափոխել էին Բեռլինի «Շարիտե» կլինիկա, որտեղ հաստատել էին նրա թունավորման փաստը։ Նավալնու մաշկի, արյան ու մեզի նմուշներում հայտնաբերել էր «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր։

Սեպտեմբերի 7-ին Նավալնին կոմայից դուրս է եկել։ Նա մտադիր է վերադառնալ Ռուսաստան։

Կարդացե՛ք նաև՝ «Փրկված Նավալնի. կխանգարի՞ պետությունը նրան վերադառնալ Ռուսաստան»

Լուսինե Վարդանյան