Արցախում մինչև տասը նոր «Թումո-տուփեր» կտեղադրվեն

Արցախի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Երևանում է։ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի հետ և քննարկել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու հարցը․ այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար:

Պայմանավորվածության համաձայն՝ առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում:

Համեմատության համար նշեմ, որ Թումոյի նույնատիպ կրթական ծրագրերով կենտրոններ գործում են Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և աշխարհի այլ մեգապոլիսներում:

Արցախի ապագան առաջադեմ ու մրցունակ երիտասարդներն են, իսկ դրա համար մեր երեխաները պետք է ունենան կրթական այդպիսի ծրագրերին հաղորդակից լինելու լավագույն հնարավորությունները: Սերունդների որակյալ կրթության ապահովման գործում մեր այսօրվա յուրաքանչյուր ներդրում վաղը բազմապատիկ վերադարձվելու է երկրի զարգացմանը»,- գրել է ԱՀ նախագահը:

Մեկնաբանել