1991-ի այս օրը․ ինչ էր գրում մամուլը, ինչ էր կատարվում երկրում

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 1991-ի մամուլի էջերը՝ պարզելու, թե ինչ էին գրում թերթերը սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեից առաջ և դրանից հետո։ Ներկայացնում ենք հատվածներ «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Գրական թերթ», «Յառաջ» և «Հայք» թերթերի հրապարակումներից։

Մտավորականությունը՝ անկախության հանրաքվեի մասին

Անկախության հանրաքվեից առաջ ուշագրավ ակտիվություն էր դրսևորում մտավորականությունը, երբեմն չափազանցված որակումներ ու հայտարարություններ էին լինում, օրինակ՝ բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանը «Հայաստանի Հանրապետության» համարներից մեկում ասում էր, թե «Աստվածաշունչն էլ է վկայում ԽՍՀՄ կազմից մեր դուրս գալու մասին»։ 

«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս տակնուվրա անի, և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով խնդրենք չանցնել, կուռք դարձնենք ու ծնկի գանք։ Անկախությունը հանրապետության բոլոր որդիների ու դուստրրերի ամենօրյա, ամենժամյա համալիր ճորտական աշխատանք է, այն բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»,- գրող Հրանտ Մաթևոսյանի խոսքերն են։

«Գրական Թերթի» էջերից մեկում բանաստեղծ Համո Սահյանը նշում էր. «Անկախություն ենք հռչակել, լավ է, բայց հետո ի՞նչ է լինելու, չգիտեմ։ Ես կուզեի՝ մարդուն ազատություն տային, թող ազատ աշխատի։ Ուրեմն, առաջին հերթին ազատություն պիտի տալ մարդուն, իսկ անկախությունը… ճիշտն ասած, այնքան էլ չեմ հասկանում, թե ինչ է այդ անկախություն ասածը։ Ես ինքս, օրինակ, ոչ ոքից կախված չեմ եղել՝ ո՛չ Ստալինից, ո՛չ կուսակցությունից, ո՛չ ոքից»։

«Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի վերաբերյալ մեր ժողովուրդը այդ չափով միասնական և միաձայն չի եղել տրամադրված»,- նշում էր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։ 

Իսկ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանն ասում էր. «Սոված մարդուն հայրենասիրական երգերով չես կերակրի, լավագույն դեպքում նրա դեմքին մի ժպիտ կհայտնվի, բայց ոչ ավելին»։

Քաղաքականություն և տնտեսություն

«Անկախությունը մտել է յուրաքանչյուր հայ ընտանիք»,- «Ազգ»-ի սեպտեմբերի 21-ի համարում կարդում ենք այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանի խոսքերը։ Նրա խոսքով՝ հանրաքվեի օրը Հայաստան են ժամանել տարբեր երկրներից հրավիրված շուրջ 40 դիտորդներ։

ՀՅԴ-ի կողմից Հայաստանի նախագահության թեկնածու, անվանի դերասան Սոս Սարգսյանն էլ շեշտում էր, որ «Անկախությունը մեծ պատասխանատվություն է»։ Նա հավելում է. «Մենք պետք է կարողանանք մեր անկախություը պահպանելով, քաղաքական, տնտեսական, ռազմական դաշինքներ կնքել։ Մեր առաջին գործընկերն այս հարցում առայժմ Ռուսաստանն է»։

Ազգ օրաթերթում ՌԱԿ անդամներից մեկը հիշեցնում էր «Ազդարարի»՝ 18-րդ դարավերջին մահացած խմբագիր Հարություն Շմավոնյանի գերեզմանին գրվածը «Ով անցորդ, եթե օր մը իմանաս Հայաստանի անկախության լուրը, ձայն տուր»՝ խոսքը՝ ասելով, որ ինքը մանկուց երազել է այդ լուրը տանողներից մեկը լինել։

«Հայքի» համարներից մեկում Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Վազգեն Մանուկյանը գրում էր. «Անկախությունը շատերին վախեցնում է Թուրքիայի հարևանության պատճառով (հետաքրքիր է, որ այդ նույն մարդիկ անհասկանալի խիզախությամբ անընդհատ խոսում են Թուրքիայից հողերը ետ վերցնելու մասին), և այդ պատճառով առկա է նաև հետևյալ մտայնությունը, ձգտել կոնֆեդերացիայի և բավարարվել դրանով, չէ՞ որ եվրոպական երկրներն էլ, զիջելով իրենց անկախության որոշակի մի մասնիկ, ստեղծում են նոր տեսակի դաշինք, հետևաբար դա է զարգացման ուղին։ Նախ և առաջ նկատենք, որ մի բան զիջելու համար պետք է այդ բանը ունենալ, որպեսզի որոշես՝ ում և երբ զիջես, հանուն ինչի զիջես… Նկատենք, որ անկախությանը դիմելու մեր քայլը կնպաստի մեր հարևանների հետ հարաբերությունների կտրուկ լավացմանը, մեզ վրա կբևեռվի ամբողջ աշխարհի ուշադրությունը, որով հրապուրվելը, իհարկե, վտանգավոր է, բայց որից չօգտվելը հիմարություն է»։

Անկախության մամուլի էջերում խոսում էին նաև կոմունիստները, նրանք նախքան հանրաքվեն հայտարարություններ էին տարածում՝ կոչ անելով «չչարաշահել անկախության գաղափարը» և «չխաղալ ժողովրդի ամենանուրբ զգացմունքների հետ»։ 

Իրավիճակը հանդարտ չէր խորհրդարանում, լինում էին լարված բանավեճեր, իսկ Հայաստանի տարբեր շրջաններից և Արցախից գալիս էին մտահոգիչ լուրեր։ Օրինակ մայիսի 15-ին մամուլը գրեց, որ ներքին գործերի նախարարության և խորհրդային բանակի ստորաբաժանումները հարձակվել են Եղծահող գյուղի վրա, ներխուժել տները, ծեծել տղամարդկանց ու տարել Լաչին։

«Երկիրն» իր համարներից մեկում զետեղել էր ՀՅԴ-ի դրոշը՝ վրան գրված Անկախությանը «ԱՅՈ»։ Մեկ այլ համարում «Անկախությանը՝ այո, հետո՞» հարցն էր բարձրացնում սյունակագիրը՝ նշելով, որ այդ օրերին ռադիոյով և հեռուստատեսությամբ հիմնական ելույթները քարոզչական բնույթի են, որոնցում շեշտը դրվում է հարցի բարոյական կողմի վրա՝ անուշադրության մատնելով նրա քաղաքական, ռազմաստրատեգիական և տնտեսական բովանդակությունը։

«Գրական թերթի» հոդվածագիրը սեպտեմբերի 13-ի համարում զարմանք էր հայտնում «հանրաքվեի առիթով տարվող պորպագանդայի» վերաբերյալ. «Ամեն օր այդ մասին է խոսվում հեռուստատեսությամբ, լրագրերում, ռադիոյում։ Մորուքով ու անմորուս մարդիկ հեռուստաէկրանի առջև, լուսարձակների լույսի տակ, քրտնում են բացատրելու համար, որ ժողովուրդը պետք է իր անկախության ուղին ընտրի»։ Ապա, նույն հոդվածագիրը ներկայացնում էր փողոցում տիրող իրավիճակը. «Փողոցում բավարական գարեջուր ու ամերիկյան «Մարլբորո» ծխախոտ վաճառող, կուշտ ու կուռ, տասնվեց-տասնյոթ տարեկան արդեն ճարպակալած տղաները ոչ պատ շարելու համար են պիտանի, ոչ գարեջրի կամ ծխախոտի գործարանում աշխատելու, ոչ էլ, ցավով պիտի ասել, հայրենիքի համար զենք բռնելու։ Ահա թե ուր ենք հասել։ Եվ մշակույթի մեջ էլ նույն անկումն է։ Վերջին մի քանի տարում այնքան աղբ լցվեց մեր արվեստի մեջ, որ մի դար պիտի չարչարվենք մաքրելու համար»։

Քննարկում էին նաև տնտեսության հարցը։ «Արտադրությունում օգտագործվող հումքի ավելի քան 90 տոկոսը բերովի է, և միայն 10 տոկոսն է տեղական»,- ասում էր այդ ժամանակ նախարարների խորհրդին առընթեր հայտեղարդ առևտրաարդյունաբերական միավորման տնօրեն Հ. Թորոսյանը։ Նա, սակայն, վստահեցնում էր՝ անկախության հաստատման դեպքում հանրապետության ձեռնարկությունները արտադրության կազմակերպման համար կարող են ապահովել համապատասխան հումքով և նյութերով։ 

Այդ օրերին մամուլը ողողված կոմունիզմի և Խորհրդային միության քաղաքական գործիչների վերաբերյալ ծաղրանկարներով։ 

«Երեկոյան Երևանի» էջում բժշկական թերթերից մեկի գլխավոր խմբագիրը պատմում էր, որ տարիներ առաջ ակնաբուժական կլինիկաներից մեկում պրակտիկայի էր և իրենց էր ներկայացել 20-ամյա մի աղջիկ, որն ի ծնե կույր էր, բժիշկը համոզմում էր վիրահատվել՝ երաշխավորելով 100 տոկոսանոց վերականգնում, իսկ հիվանդն ու ծնողները երկմտում էին. աղջիկն ասում էր, որ իր համար այդպես էլ վատ չի, իսկ նրա հայրը հետաքրքրվում, թե վիրահատվելուց հետո դուստրը կշարունակի՞ հաշմանդամության թոշակ ստանալ։ «Ի դեպ, տեսողությունը վերականգնվելու էր վիրահատությունից հետո ոչ անմիջապես։ Նախ կտեսներ սև-սպիտակ աղոտ ուրվապատկերներ, ստվերներ, հետո՝ շաբաթների ընթացքում դրանք գույներ կստանային և այսպես շարունակ»,- գրում էր հոդվածագիրը՝ համեմատելով քաղաքական իրավիճակի հետ. «Ներկայում մտավոր կույրից քաղաքական հստակ դրքորոշում պահանջելը, մեղմ ասած, լուրջ չէ։ Նախ պետք է բացատրել «վիրահատությանը» հաջորդող դժվարությունները։ Եվ, այնուամենայնիվ, վիրահատությունը պետք է կայանա»,- ամփոփում է նա, իսկ նյութը վերնագրված էր` «Վիրահատությունը» նշանակված է սեպտեմբերի 21-ին»։

Անկախության հանրաքվեից հետո Մարզահամերգային համալիրում օտարերկրյա հյուրերի համար տրվեց տոնական ճաշկերույթ։ Այդ խնջույքի ժամանակ Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Աշոտ Նավասարդյանը ասում էր. «Ո՞վ կպատկերացներ, որ առանց զոհաբերությունների մենք կարող ենք անկախություն ունենալ։ Բայց այսպես հեշտությամբ անկախանալուց հետո, այնուամենայնիվ, տագնապներ կան, որ մենք կարող է դժվարություններ ունենաք այդ հռչակումը իրողություն դարձնելու համար»։

«Շատ երջանիկ եմ, հուսով լեցուն, որ պիտի կրնանք գտնել ուղի մը, որ լինի ոչ միայն անկախություն, այլ անկախությունը վերածենք բարգավաճման, յուրաքանչյուր մարդու երջանկության։ Այս պահին այդ մասին մտածելը երջանկություն է»,- «Ազգ»-ը մեջբերում է «Երկիր» օրաթերթի նախկին խմբագիր Աբօ Պողիկեանի խոսքերը։

Միջազգային մամուլը

Անկախության հանրաքվեին անդրադարձան նաև միջազգային պարբերականները. Washington post-ը գրում էր, թե «Հայաստանի ժողովուրդը ջախջախիչ մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին»։ 

Le monde-ի առաջին և երրորդ էջերում հիշատակվում էր Հայաստանի հանրաքվեի մասին։ Նշվում էր, որ անկախության հանրաքվեի արդյունքներն անակնկալ էին, քանի որ «որոշ վախեր կային, թե մարդիկ կմերժեն անկախությունը»։ 

Liberation-ն անդրադառնում էր Ղարաբաղի հարցին։ Ֆրանսիական Present թերթն էլ հույս էր հայտնում, որ «Ֆրանսիան, այս անգամ, վերջինը չի լինի, որ կճանաչի Հայաստանի անկախությունը»։

Ի դեպ

Մամուլի էջերում ծանոթանում ենք, թե ինչպես է անցել անկախության հանրաքվեի օրը Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում։ Անիի շրջանում (վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հարավ-արևմուտքում) անկախության համար 12 խոյ էին զոհաբերել Սարակապ գյուղի բնակիչները՝ «կատարյալ հեթանոսական խնջույք կազմակերպելով»։ 

Արտաշատում քաղաքի ընտրական տեղամասերից մեկն էլ «Հայաստանի Հանրապետության» թերթի լրագրողին սրբավայր էր հիշեցնում՝ նախասրահում Քրիստոսի պատկերով, իսկ սեղանին վառվող մոմերով։ 

Մեղրիում ութ ստորագրություն պակասել էր քվեարկության ցուցակում, որովհետև, ըստ մամուլի, «Նախիջևանում կանգնեցված գնացքի ութ մեղրեցի ուղևորներ պատանդ էին պահվում Օրդուբադում»։ 

Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր) արտասահմանյան դիտորդները, կեսօրին մտնելով հանձնաժողովի սենյակ, արձանագրել էին, որ քվեարկության մասնակցած մարդկանց թիվը 84 հազարը անցնում է. «Շատ լավ է,- ԱՄՆ-ից ժամանած կոնգրեսական Ռիչարդ Լեյմանի խոսքերն է մեջբերում մամուլը,- մեր երկրում ժողովրդավարություը 200 տարվա պատմություն ունի, իսկ ձեզ մոտ շատ կարճ, բայց դուք շատ արագ սովորեցիք»։ 

Սիսիանի թաղամասերից մեկում որոշել էին հանրաքվեի օրը պսակադրություն կազմակերպել, իսկ քվեարկությունից հետո գնացել էին խնջույքի։

Գևորգ Թոսունյան