Անկախության օրվա առթիվ շնորհավորանքներ են հղել Պուտինն ու Թրամփը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։

Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները և հավելել․

«Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով: 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Դոնալդ Թրամփը նշում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանն ուղղված Հայաստանի ջանքերին: 

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում:

Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը: Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:

Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում», – ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում։