Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել․ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ դատարանը բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:
«Գտնելով, որ տվյալ պարագայում միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելը կարող է երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, համապատասխան նոր միջնորդություն է ներկայացվել դատարան»,- նշեց Աբրահամյանը:
Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է:
Այս տարվա հուլիսին դատարանը մերժել էր Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը։
Սաթեն Հակոբյան