Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել․ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ դատարանը բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը: 

«Գտնելով, որ տվյալ պարագայում միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելը կարող է երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, համապատասխան նոր միջնորդություն է ներկայացվել դատարան»,- նշեց Աբրահամյանը: 

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է:

Այս տարվա հուլիսին դատարանը մերժել էր Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը։ 
 
Սաթեն Հակոբյան