Սաուդյան Արաբիան երկրորդ անգամ շնորհավորեց Հայաստանի Անկախության տոնը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը շնորհավորել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ:

«Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ շարունակական առաջընթաց և բարգավաճում», – մասնավորապես ասվում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդի ուղերձում:

Հատկանշական է, որ սա երկրորդ դեպքն է, երբ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգը շնորհավորում են Հայաստանի ղեկավարությանը՝ երկրի Անկախության տոնի առթիվ: Առաջին անգամ Սաուդյան Արաբիան շնորհավորել էր Հայաստանի Անկախության օրը 2018 թվականին:

Սաուդյան Արաբիան այն չորս երկրներից է (մյուս երեքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան), որը ղարաբաղյան հակամարտության պատճառով հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

1991-ից ի վեր պաշտոնական Երևանը քայլեր է ձեռնարկել, որպեսզի Ռիադի հետ հաստատվեն հարաբերություններ։ Օգտագործվել է նաև փափուկ դիվանագիտությունը՝ ոչ դիվանագիտական խողովակները, սակայն թագավորական ընտանիքը մնացել է անդրդվելի։

2017-ի հունվարին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք բազմաթիվ իսլամական երկրների հետ: Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց պատրաստ ենք այն հաստատել, սակայն Սաուդյան Արաբիան դեռ չի գնում դրան: Երբ կգնա, այն ժամանակ կհաստատենք, մենք այնպիսի վիճակում չենք, որ այդ հարաբերությունների հաստատումից հեղաշրջում լինի միջազգային հարաբերություններում»,- ասել էր Նալբանդյանը:

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև կա մի քանի հարյուր հազար դոլարի հասնող երկկողմ ապրանքաշրջանառություն:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել