Ալիևը պնդում է՝ «Հայաստանը պատրաստվում է պատերազմի»

Հայաստանը նոր, մեծ պատերազմի է պատրաստվում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ին տեղական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում։

«Մենք այդ մասին ունենք օպերատիվ հետախուզական տեղեկություններ։ Մեկ անգամ ևս ուզում եմ ասել և նրանց ուզում եմ տեղեկացնել՝ եթե չհրաժարվեն իրենց կեղտոտ պլաններից,  նրանց համար արդյունքը շատ ծանր է լինելու։ Փաստացիորեն, բանակցություններ չեն ընթանում։ Ես ասել էի, որ մենք ձևի համար բանակցությունների չենք մասնակցի։ Դա չի նշանակում, որ մենք բանակցություններից հրաժարվում ենք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Սեպտեմբերի 21-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի շրջանակում Ալիևը հայտարարել է, թե Հայաստանում աշխարհազորի ստեղծումը նպատակ ունի ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ։ Հերթական անգամ մեղադրելով Հայաստանին բանակցությունները խաթարելու մեջ ու հիշելով Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանը է և վերջ» արտահայտությունը՝ Ալիևը ներկայացրել է իր տարբերակը՝ «Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի բոլոր տարածքներից», այսինքն՝ ամբողջ Ղարաբաղից։ 

Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի, Ադրբեջանում ընկալում են այնպես, թե Ադրբեջանն է պատրաստվում պատերազմի։ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու մասին այս օրերին խոսում են իշխանական վերլուծական կենտրոնները, նույն շրջանակի քաղաքագետներն ու պատգամավորները։ 

Ալիևի հայտարարությունից հետո պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ պահեստազորի մարտական պատրաստվածության հավաքներ են անցկացվելու։ Ավելի ուշ Ադրբեջանի Զինվաժ ուժերի զորակոչի ու հավաքագրման պետական ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ պահեստազորում ընդգրկվածներին կանչում են հավաքների՝ մարտական պատրաստության ու ստուգումների։  

Ադրբեջանի որոշ շրջաներում հավաքում են նաև Pickup մոդելի ավտոմեքենաներ։ Ըստ ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան Թիվի»-ի՝ ոստիկանությունը կանգնեցնում է այդ մեքենաները և տանում տուգանային հրապարակ։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած պարզաբանման համաձայն՝ մեքենաները կարող են օգտագործվել Զինված ուժերի կարիքների համար և ենթարկվում են տեխնիկական զննության։

Գոռ Երանյան