2050-ին՝ 5 միլիոն. անպատասխանատու պոպուլիզմ, երազանք և իրականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է հայտարարում, որ 2050-ին Հայաստանի բնակչության թիվը պետք է առնվազն հասցնել 5 միլիոնի: Առաջին անգամ 5 միլիոն թիվը նա հնչեցրել էր 2019-ի օգոստոսի 6-ին Ստեփանակերտում:

Անկասկած, տասնամյակների կտրվածքով ռազմավարություն ունենալը, մեծ երազանքը կամ մեծ մտածելը (thinking big) վնասակար չէ, սակայն հասկանալի չէ, թե ինչ հաշվարկներով է վարչապետը խոսում 2050-ին առնվազն 5 միլիոն բնակիչ ունենալու, 1,5 միլիոն նոր աշխատատեղ ստեղծելու, միջին աշխատավարձը յոթնապատկելու, կյանքի տևողությունը 90 տարեկանի հասցնելու մասին:

Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը խոսեց 2040-ին Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին, շատերի համար դա անլուրջ, անիրատեսական և հեգնական հնչեց: Սարգսյանի նախագահության 10 տարիներին Հայաստանի բնակչությունը կրճատվեց գրեթե 10 տոկոսով:

Փաշինյանը ընտրել է 2050-ը և 5 միլիոնը՝ ի լրումն Սարգսյանի 2040-ի և 4 միլիոնի:

ՄԱԿ-ը, օրինակ, 2019-ին գիտական ուսումնասիրություն է կատարել և կանխատեսել, որ 2025-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 2 977 000, իսկ 2050-ին՝ 2 816 000՝ այնքան, ինչքան այսօր է: Անշուշտ, գիտական՝ հետազոտության հիմքով ուսումնասիրությունը պարտադիր չէ, որ կյանքի կոչվի, սակայն ներկայացվող թվերի հետևում պետք է լինի հաշվարկ և ուսումնասիրություն և ոչ սոսկ նախընտրական խոստում հիշեցնող թվեր, ինչպես, թվում է, Փաշինյանի դեպքում է:

Հայաստանում՝ լինի անկախ կամ Ռոմանովների Ռուսաստանի ու ԽՍՀՄ մաս, կանոնակարգված կերպով մարդահամարներ անց են կացվել 1831-ից սկսած, այսինքն՝ վերջին 200 տարիներին: Այս ընթացքում Հայաստանի բնակչության առավելագույն թիվը եղել է 1989 թվականին: ԽՍՀՄ վերջին մարդահամարի համաձայն՝ Հայաստանում բնակչությանը թիվը կազմել է 3 304 776:

Ավելի մեծ թիվ մենք չենք ունեցել:

Ընդհանրապես ներկա ՀՀ տարածքում ամենամեծ հայահավաքը եղել է խորհրդային տարիներին: Յոթ տասնամյակների ընթացքում Խորհրդային Հայաստանի բնակչությունը քառապատկվել է:

Եթե 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով Խորհրդային Հայաստանի բնակչությունը 880 464 էր, ապա 13 տարի անց՝ 1939-ին, այն հասավ 1 282 338-ի: Քսան տարի անց՝ 1959-ին, Խորհրդային Հայաստանի բնակչությունը հասավ 1 763 048-ի: Այսպիսով, խորհրդային 40 տարիների ընթացքում հանրապետության բնակչության թիվը կրկնապատկվել է:

Հետագա 30 տարիներին՝ նախքան ԽՍՀՄ վախճանը, Հայաստանի բնակչությունը ևս կրկնապատկվեց՝ հասնելով պատմական առավելագույնի՝ ավելի քան 3,3 միլիոն:

1970-ին Խորհրդային Հայաստանի բնակչությունը հասավ գրեթե 2,5 միլիոնի՝ 2 491 873, իսկ 1979-ին գերազանցեց 3 միլիոնը՝ կազմելով 3 037 259 հոգի:

Ինչպես տեսնում ենք և ինչպես վկայում է մեր պատմությունը, 70 տարիների ընթացքում մեր հանրապետության բնակչության թվաքանակը քառապատկվել է: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ տարիներին Հայաստանում տեղի է ունեցել մի քանի ներգաղթ, տասնյակ հազարավոր հայեր հարևան Վրաստանից և Ադրբեջանից հաստատվել են Հայաստանում, ծնելիությունը եղել է շատ բարձր: 1920-ական թվականներին Հայաստանը հետամնաց գյուղատնտեսական հանրապետություն էր և տասնամյակների ընթացքում այն դառնում էր ինդուստրիալ-արդյունաբերական, ինչն իր հերթին ներգաղթի և բնակչության բնական աճի նախապայմաններ էր ստեղծում:

Ի՞նչ նախապայմաններ կան այսօր, որոնք կարող են հիմքեր ստեղծել 2050-ի 5 միլիոնանոց Հայաստանի համար:

Հայաստանում ծնելիությունը անընդհատ նվազում է, արդեն պարզ վերարտադրողականությունը չի ապահովվում: Հայաստանի բնակչությունը ծերացող է:

Չկա հայրենադարձություն: Եթե այսօր, պայմանավորված 2018-ի իշխանափոխությամբ, արտագաղթը դադարել է, ապա չկա երաշխիք, որ սահմանները բացվելու դեպքում Հայաստանից հեռանալու նոր ալիք չի լինի: Տնտեսական իրավիճակը ստիպելու է մարդկանց կրկին դիմել արտագնա աշխատանքի և արտագաղթի:

Հայաստանը չի կարողացել կարգավորել իր կարևորագույն խնդիրը՝ բնականոն հարաբերությունների հաստատումը անմիջական երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Ի՞նչ հիմքով ենք հայտարարում, որ 30 տարի անց Հայաստանի բնակչությունը ավելանալու է 2 միլիոնով՝ հասնելով 5 միլիոնի, երբ նախորդ 30 տարիների ընթացքում հանրապետությունը լքել է ավելի քան 1 միլիոն մարդ:

Մեկնաբանել