Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել. դատախազություն

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ «վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան, և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»։

Ըստ Աբրահամյանի՝ խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում, այսինքն՝ ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել, ինչի մասին դատախազությանը տեղեկացվել է նախորդ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 18-ին:

«Այս իմաստով ուղղակի անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև բացարձակապես իրավական հարթությունում գտնվող գործընթացը քաղաքականացնելու և ինչ-որ քաղաքական հայտարարությունների լույսի ներքո ներկայացնելու մանիպուլյատիվ փորձերը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել Ազգային անվտանգության ծառայությունը։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, այն է՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

Քրեական գործի շրջանակում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությամբ Գագիկ Ծառուկյանը հունիսի 16-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Գաղտնի քվեարկություններով 

Ազգային ժողովը համաձայնություն տվեց Դավթյանի երկու միջնորդություններին` Ծառուկյանին ազատությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ 

Ծառուկյանը ինչպես խորհրդարանում, այնպես էլ դատարանի դիմաց հայտարարել է, որ քրեական գործը «շինծու է, իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում» իշխանություններին քննադատելու համար։

Գևորգ Թոսունյան