Արմեն Սարգսյանը՝ Չինաստանի նոր դեսպանատան առաջին հյուրը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը դեսպանատան նոր շենքի մուտքի մոտ դիմավորելով նախագահ Սարգսյանին՝ նշել է, որ Հայաստանի նախագահն իրենց առաջին հյուրն է: «Դուք մեր նոր դեսպանատան առաջին և ամենապատվավոր հյուրն եք: Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ: Մենք հիշում ենք, որ Դուք արդեն երրորդ անգամ, ազգային տոնին ընդառաջ, այցելում եք մեզ՝ անձամբ շնորհավորելու: Սա Ձեր կողմից մեր երկրի նկատմամբ ուշադրության դրսևորում է, ինչը համարում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից բարեկամական վերաբերմունք: Մեր երկրների հարաբերություններն ունեն հին ավանդույթներ ու խոր արմատներ և հիմք են ծառայում մեր ներկայիս գործընկերային հարաբերությունների համար»,- ասել է դեսպան Էրլունը: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույնները:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկար տարիների արդյունավետ աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Դրա փայլուն օրինակը նա համարել է դեսպանատան նոր շենքի կառուցումը: 

«Կարծում եմ՝ Չինաստանը կարող է հպարտ լինել այսպիսի ներկայությամբ: Եվ մենք էլ սա դիտարկում ենք որպես Չինաստանի կողմից հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու և խորացնելու հայտ: Չնայած իրենց տարբեր չափերին՝ Հայաստանն ու Չինաստանն ունեն շատ մեծ ընդհանրություններ. երկուսն էլ ինչ-որ իմաստով համաշխարհային ազգեր են»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը նաև շրջել է նորակառույց դեսպանատանը:

ԱԳՆ տեղեկանք

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.ապրիլի 6-ին:

1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

2016 թվականից ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է Սերգեյ Մանասարյանը:

1992թ. հուլիսին Երևանում բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը:

2014 թվականից ՀՀ-ում ՉԺՀ դեսպանն է Թիեն Ըրլոնգը:

1992 թվականից Երևանում գործում է ՉԺՀ առևտրա-տնտեսական ներկայացուցչությունը: 

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը:

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:

2018-ին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 500 մլն դոլար։