Եվրահանձնաժողովը 30 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Եվրոպական հանձնաժողովը 30 միլիոն եվրո է հատկացնելու Հայաստանին՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների համար։ Այս հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում։

«Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրով՝ 30 միլիոն եվրոյից 3 միլիոնը տրամադրվելու է արդարադատության ոլորտում տեխնիկական ապահովման ու խորհրդատվական ծառայությունների համար, իսկ մնացածը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետբյուջեին։ Ծրագրով հատկացված գումարն ուղղվելու է Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի պարտավորված քայլերի իրականացմանը՝ արդարադատության ոլորտում։

Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել