Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կզինվեն

Պետեկամուտների կոմիտեն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Զենքի մասին» օրենքում՝ ՊԵԿ աշխատակիցներին թույլ տալով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով զենք կրել։ 

ՊԵԿ-ն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել է այն փաստով, որ իրենք ևս օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին են, և դրա շրջանակում կա զենք կրելու անհրաժեշտություն։ Նախագծի հետ կապված վերապահումներ է հայտնել ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ մարտական զենք օգտագործելու այս նախագիծը կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման։ Ի պատասխան այս դիտարկման՝ ՊԵԿ-ը հայտնել է, որ ներկայում ՊԵԿ զինանոցում առկա են 118 միավոր մարտական զենքի տեսակներ, և դրանք կարող են օգտագործվել․ նոր զենքեր ձեռք բերելու կարիք չի լինելու։ 

Մինչ այս մարտական զենք օգտագործելու իրավունք ունեին նաև պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու քրեակատարողական ծառայությունը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր