Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են բուժաշխատողներ

Վարչապետի որոշմամբ մի շարք բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար: 

Պարգևատրվել են՝

Մհեր Դավիդյանցը – Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին տնօրեն
Վարդան Ավագյանը – «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գևորգ Սիմոնյանը – «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Հովիկ Բալյանը – «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի
պաշտոնակատար
Հայկ Համբարձումյանը – Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Կարեն Մելքոնյանը – Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Նունե Էվինյանը – Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն
Աստղիկ Բեյբուտյանը – «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն
Արեն Բաբլումյանը – Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն
Արամայիս Գրիգորյանը – «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Ռուբեն Բաբակեխյանը – Դիլիջանի «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի տնօրեն
Միքայել Կիրակոսյանը – «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի ընդունարանիցբաժնի ղեկավար
Վարդուհի Սիսակյանը – Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Անդրանիկ Գրիգորյանը – «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն
Անդրանիկ Հարությունյանը – «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Թագուհի Ստեփանյանը – «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն
Անահիտ Ավանեսյանը – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Լենա Նանուշյանը – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Շավարշ Գրիգորյանը – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Արտյոմ Սմբատյանը – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Լուսինե Քոչարյանը – ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար
Գայանե Հովհաննիսյանը – Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ռեանիմացիայի ծառայության ղեկավար:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը բաց նամակով դիմել էր նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք հայտնում էին, որ Հայաստանի Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ արժանացան պետական պարգևների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, սակայն ոչ «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները: «Կարծում ենք՝ մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեին ու գնահատվեին»,- նշված է բաց նամակում։ 

Բաց նամակին անդրադարձել են նաև հանրապետության նախագահի գրասենյակից: Հաղորդագրությունում ասվում է, որ նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման նախագահի նստավայր:  

Սաթենիկ Հակոբյան