Հայաստանը ապագայի աշխարհում (2050թ․)

Ալեքսանդր Մարտիրոսյան, հաղորդակցության և մեդիա մասնագետ

Մաս 1-ին

Հաճախ մենք մտածում ենք ապագայի մասին, խոսում ենք ապագայի մասին, պլանավորում ենք ապագան, կերտում ենք ապագան։ Ապագայի մասին մեր պատկերացումները հիմնվում են ներկայի և աշխարհում տեղի ունեցող զարգացումների վրա։ Ինչպիսի՞ն կլինի աշխարհը ապագայում, ի՞նչ նոր մարտահրավերներ և լուծումներ կունենանք մենք, ի՞նչը կկարողանանք հաղթահարել և ինչը՝ ոչ։ Հետաքրքիր է՝ իսկ ինչպիսին կլինի Հայաստանը ապագայի աշխարհում։

Հայաստանը ապագայի աշխարհում

Սահմանադրության մասին տարակարծությունները կհանգեցնեն սահմանադրության արժեքի մերժմանը, այն կիմաստազրկվի, կքարկոծվի, և վերջիվերջո, կդադարի գործել որպես օրենք և կվերածվի մանկական գրականության՝ նախատեսված դպրոցների տարրական դասարանների պարտադիր ընթերցանության համար։ Իհարկե, աշակերտները այդպես էլ չեն հասկանա, թե ինչի մասին է այդ հեքիաթը, բայց ստիպված կլինեն այն անգիր անել և այդ մասին ամեն տարի գրել շարադրություն՝ «Ինչպես անկցացրեցի ամառային արձակուրդս» թեմայով։

Կրթական համակարգի բարեփոխումների արդյունքում դպրոցներում և բուհերում կուսումնասիրվեն մի քանի տիպի առարկաներ։

«Հայոց պատմություն»․ այն ուսումնասիրելիս այդպես էլ չեն հասկանա, թե որտեղից է սկսվում հայոց պատմությունը` Հայկական լեռնաշարհի՞ց, թե՞ Վանի թագավորությունից։ Առարկաները կվերափոխվեն, դրանցից շատերը դուրս կբերվեն կրթական համակարգից որպես ժամկետանց և ոչնչի մասին պատմույթներ։

Դպրոցներում կսկսեն դասավանդել սեռական դաստիարակություն հենց այն գրքերով որոնց մասին բոլորը խոսում ու դավադրում են, բայց որոնց մասին երբևէ որևէ մեկը ստույգ տվյալ չունի։ Ուսուցիչները կստանան բարձր աշխատավարձ, սակայն ժամանակ չեն ունենա իրենց վաստակածը ծախսելու առողջությունը բուժելու և իրենց հաշվին Zoom-ի վճարովի տարբերակը գնելու համար։

Դպրոցներն ավարտողների գերագույն մեծամասնությունը կլինեն անտառաճանաչներ և անգրագետներ, հենց իրենք էլ կընդունվեն բուհեր, որպեսզի չսովորածը և բաց թողածը կարողանան լրացնել։ Բարձր բալեր հավաքողներն էլ կարիք չեն ունենա շարունակելու իրենց կրթությունը, որովհետև արդեն կրթված են բավականաչափ։

Կշարունակվի քաղաքացիական հասարակության պայքարը վեթինգի և լյուստրացիայի միջոցով արդարադատությանը հասնելու համար, բայց համակարգի ողնաշարը կոտրված կլինի, արդարադատությունը կկայացվի անձերի կողմից՝ կամընտրության և կամայականության սկզբունքով։ Մինչ այդ դատարանները կվերանան և կառաջանան խղճի քավարաններ, որտեղ ամեն մեկը ինքն է պատասխան տալու իր գործած մեղքերի համար։ Պետությունը կպատվիրակի եկեղեցուն՝ գործուղել հոգևորականներին խղճի քավարններ, այնտեղ հայտնվածների փրկության համար։ Իսկ մենք կշարունակենք դատել բոլորին այն օրենքներով, որոնք իրենք են գրել ժամանակին՝ ապահովագրելով իրենց ազատությունը։

Քոչարյանականներն ու սորոսակաները կշարունակեն իրենց պայքարը։ 2050 թվականին Ռոբերտ Քոչարյանը կտոնի իր 96 ամյակը սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 9600-րդ դատի ժամանակ։ Բոլորն անհամբեր կսպասեն դատավորի վճռին, բայց հերթական բողոքարկումը այն կերկարաձգի ևս մեկ դատով, որը կընթանա ևս 50 տարի։ Քոչարյանի վճիռը կկայացվի հետմահու իսկ մյուսներին դատելու համար այդպես էլ ժամանակն ու ռեսուրսները չեն բավականացնի։

Գործող իշխանությունը կստեղծի արդարադատության կայացման հերթական հանձնաժողովը, որը պիտի վերահսկի դրանից առաջ ստեղծված հանձնաժողովին, որն էլ իր հերթին արդեն տարիներ շարունակ վերահսկում էր մի շարք այլ հանձնաժողովների։ Հանձնաժողովների նկատմամբ հսկողության համար ստեղծված հանձնաժողովին վերահսկող հանձնաժողովի կազմը կնշանակվի ԱԺ-ի ընտրությամբ, որտեղ փոքրամասնությունը կշարունակի կրել ֆիկտիվ բնույթ իսկ մեծամասնությունը կշարունակի համախմբված քվեարկել «Այո՛» ցանկացած նախագծի, որ բերվել է իրենց կողմից։ Պատգամավորները կհանձնեն հայերենի քննություն՝ օնլայն տարբերակով և լատինատառ։ Ազգային ժողովը յուրաքանչյուր օր կգումարի նիստ, որի ընթացքում կքննարկվեն կարևորագույն և օրհասական հարցեր․ փողոցների անցումների գծանշման ճշմարիտ գույնը տարվա և համաստեղության նկարագրությանը համապատասխան, կառավարության հերթական որոշման միանշանակ հաստատումը, արտակարգ դրության երկարաձգումը, քաղաքացիների տեղահսկումը զանգերի միջոցով և այլն։

Զարմանալիորեն գոյություն կունենան նաև «կանաչները», որոնք խելագար-մոլագարների նման կշարունակեն իրենց պայքարը Ամուլսարը չշահագործելու համար, այդպես էլ չիմանալով, որ վաղուց Հայաստանում շահագործվում են բազմաթիվ ամուլսարներ, իսկ Ամուլսարը ուշադրությունը գրավելու քողն է։ Իհարկե, Ամուլսարն էլ՝ որպես տնտեսության թռիչքային աճ արձանագրելու միակ միջոց կշահագործվի, իսկ ավելի ուշ, կոռումպացված հանձնաժողովների նկատմամբ վերահսկողություն սահմանած հանձնաժողովը, որը վերահսկվում էր վերջերս ստեղծված բարձրագույն հանձնաժողովի կողմից, կդառնա սխեմայի մաս և թույլ կտա անթույլատրելին, որին էլ կհաջորդի Ջերմուկ քաղաքի վերածումը հանգստյան գոտուց հանքերի շահագործման գոտու իսկ Սևանի ջրերը կաղտոտվեն պոչամբարներից արտահոսած քիմիական զանգվածներով։ Այդպիսով, Հայաստանը կդադարի աշխարհում քաղցրահամ ջրերի առաջատար երկրներից մեկը լինելու տիտղոսից, բայց դրա փոխարեն կվաստակի լավագույն գործարար երկրի «հեռանկարային» տիտղոսը։ Գումարած այս ամենին, կնվազեն Սևանում հանգստանալու գները, ինչը կառաջացնի տուրիստական մեծ հոսք և հայրենադարձություն դեպի մայր Հայաստան։

Սորոսականներին կշարունակեն մեղադրել ԼԳԲՏ համայնքի իրավունքների քարոզման մեջ, կճանաչեն ազգադավ և կցանկանան վտարել երկրից։ Դրանից հետո կվտարեն գործող դեսպանատների ներկայացուցչություններին և Հայաստանը կդադարեցնի իր դիվանագիտական հարաբերությունները աշխարհի երկրների հետ, որի միակ մեղավորները կճանաչվեն նույնասեռական անձինք և որպես պատիժ կգամվեն անարգանքի սյունին։

Ազգային անվտանգության ծառայությունը այս ընթացքում կլինի ամենաաղմկահարույց գործեր բացահայտող կառույցը։

ԱԱԾ-ն կբացահայտի Երևանի մոլերից հագուստ գողացող խուլիգաններին, ծնողներին խաբող երեխաներին, բոլորից թաքուն ծխող տղաներին և աղջիկներին, ուսուցիչներին հակաճառող աշակերտներին և «լեզվին տվող» քաղաքացիական ակտիվիստներին։ Պատմության մեջ այն կլինի միակ կառույցը, որը հեղափոխությունից հետո ամենաշատ անգամները կփոխի իր տնօրենին։ ԱԱԾ տնօրեն կնշանակվի եռամսյակը մեկ՝ վարչապետի առաջարկով և նախագահի հաստատմամբ։ Նախագահն այդպես էլ չի իմանա իր դերն ու նշանակությունը այդ հաստիքում, որից հետո կպատվիրի իր էլեկտրոնային ստորագրությունը վարչապետի առաջարկությունները ավտոմատ հաստատելու համար և կհեռանա ծերության թոշակի։

Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա իր տված խոստմանը և կշարունակի բարեփոխումների իր շղթայական պլանը։

2050 թվականին իր համար նախատեսված ելույթի տեքստը ընթերցելիս նա կներկայացնի 2150 թվականի Հայաստանի զարգացման տեսլականը, որը կբխի ժողովրդի սրտից և կժայթքի Արարատ լեռան գագաթից, իհարկե, Թուրքիայի կողմից։ Առողջական խնդիրներով պայմանավորված նա իր աթոռը կտա ընտանիքի զավակներից ավագին, որպեսզի ժողովրդի միջոցով իշխանության եկած ուժը չհոշոտվի քոչարյանական և սերժական թայֆաների կողմից։ Այդ ընթացքում արդեն հինգերորդ անգամ Չեխիայի Հանրապետությունից Գոնսալեսին, Ֆեռնանդոյին և Կասաբլանկային կվերադարձնեն Հայաստան պատիժը կրելու համար։

Որոշ քաղաքական ուժեր կփորձեն ետ բերել ծովից ծով Հայաստանը և կարմիր խնձորի ավանդույթը։

Ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերում ազգային, կրոնական, սեռական և կարծիքային փոքրամասնությունների նկատմամբ կհասնի մասշտաբային բնույթի, և որպեսզի այդ մեծ ալիքը հանադարտվի, իշխանությունը կվտարի բոլորին երկրից իսկ մի մասին կպահի պարտադիր սոցիալական աշխատանքի կատարման։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը կշարունակեն իրենց դեմագոգիան և կպայքարեն հանուն սեփական՝ քողարկված եսի առավելության։ Իսկ ժողովուրդը այդպես էլ չի հասկանա, թե դրանցից որ մեկը որտեղ է ուզում «քցել» իրեն։

Հայաստանը կլինի կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը աշխարհում, բայց մեկ տարբերությամբ, այն կունենա ամենամեծ ֆինանսական և մարդկային կորուստները ֆինանսական և մարդկային ռեսուրսների համամասնության տեսանկյունից։

Համավարակից հետո էլ կշարունակվի կարանտինը, որին կհաջորդի արտակարգ դրությունը իսկ դրան կշարունակի ահավասիկ դրությունը, որոնց բոլորի ընթացքում պարտադիր կլինի դիմակ կրելը և այդ կանոնի խախտումը կբերի վարչական պատասխանատվության՝ 10.000 դրամ տուգանքի չափով։

Կեղծ լուրերն ու սուտ տեղեկությունները կլինեն մեր կյանքի անբաժանելի մասը, բայց դրանք ավելի հաճելի կընթերցվեն և ընդունելի կլինեն բոլորիս կողմից, քան ստուգված փաստերն ու ճշգրտված տեղեկությունները։

2050 թվականին բոլորս հպարտորեն կնայենք առաջ այն հույսով, որ ժողովրդավարական թավշյա հեղափոխությունը կհանգի իր դրական արդյունքին այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը կտա իր հրաժարականը և այդ պաշտոնին կնշանակվի Արսեն Թորոսյանը։

Մեկնաբանել