ՍԴ նախագահի երկու թեկնածու կա, անուններ չեն նշվում

Սահմանադրական դատարանի նախագահի երկու թեկնածու կա․ այդ մասին սեպտեմբերի 24-ին ՍԴ-ի բակում հայտարարեց դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ թեկնածուներից մեկն ինքնաառաջադրվել է, մյուսին առաջադրել են այդ պաշտոնին։ Հարցադրմանը, թե դատավոր Երվանդ Խունդկարյանը ինքնաառաջադրվել է, իսկ Արման Դիլանյանին առաջադրել են, նա պատասխանեց, որ տեղեկությունը «մասամբ է ճիշտ»։

Բացի այդ, Սահմանադրական դատարանում այսօր քննարկվել է լրատվամիջոցների կողմից նիստը լուսաբանելու հարցը։ Արևիկ Պետրոսյանն ասաց, որ այն բարձրացրել էր դատավոր Վահե Գրիգորյանը․ Պետրոսյանը սկզբունքորեն դեմ չի եղել այդ որոշմանը, սակայն ներկայացրել է իր դիտարկումները այն մասին, որ համավարակով պայմանավորված՝ պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնել ՍԴ-ի ներսում։

«Առաջարկը հետևյալն էր՝ եթե մենք այդ հնարավորությունը պետք է տանք, ապա պետք է տանք բոլոր լրատվամիջոցներին։ Ներկայում նիստերի մեծ դահլիճը վերանորոգման մեջ է, այս պայմաններում նաև պետք է քննարկվի աշխատանքային նիստն այլ վայրում անցկացնելու հարցը, որ բոլորը կարողանան մասնակցել։ Այս հարցադրումները կատարվել են։ Պարոն Գրիգորյանը ևս գտավ, որ կա խնդիր լրատվամիջոցների հավասար մասնակցության մասով, և իր առաջարկությունը հետ վերցրեց»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ որոշ դատավորներ հայտնել են, որ կաշկանդվածություն ունեն լրատվամիջոցների ներկայությամբ տեսակետներ հատնելու հետ կապված։

Սահմանադրական դատարանի նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որն ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների (9 ձայն) երկու երրորդը՝ 6 ձայն, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Սահմանադրական դատարանում այս ամիս ընտրվեց երեք 3 դատավոր՝ Էդգար Շաթիրյանը, Երվանդ Խունդկարյանը և Արթուր Վաղարշյանը։ 

 Գևորգ Թոսունյան