ԿԳՄՍ փոխնախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն ազատվել է զբաղվեցրած պաշտոնից։ Վարչապետի համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի էլեկտրոնային կառավարման հարթակում։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Թամրազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ կրթական չափորոշիչներին դեմ լինելու պատճառով։ Բացի այդ, Թամրազյանի անունը շոշափվում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ ԵՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը Թամրազյանի մտերիմներից է, և Գալոյանի թեկնածուական աշխատանքը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից որակվել էր որպես գրագողություն, նաև վարչական վարույթ էր հարուցվել։ Հետագայում Գոգյանը հրաժարական էր ներկայացրել՝ մեղադրելով ԿԳՄՍ-ին հովանավորչություն կիրառելու համար։

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վարչապետի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 14-ին։

***

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը դադարեցվել է: Ըստ ռեկտորատի՝ դասերը չեն վերսկսվի, քանի դեռ հուլիսի 17-ին ռեկտորի ընտրություններում հաղթած Դիանա Գալոյանը Կառավարության կողմից չի նշանակվել ռեկտորի պաշտոնում: Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ էր հարուցել: Սրան հաջորդել է Դիանա Գալոյանի վարչական երկու բողոքը, որոնք բավարարվել են, և նրան վերադարձվել է գիտական աստիճանը։ ՍիվիլՆեթը սեպտեմբերի 24-ին զրուցել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ։

Մեկնաբանել