Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը․ Ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը:

Սեպտեմբերի 23-ին նախատեսված նիստը հետաձգվել էր, քանի որ Ծառուկյանն ու նրա պաշտպանները չէին ներկայացել դատարան։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել Ազգային անվտանգության ծառայությունը։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, այն է՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

Քրեական գործի շրջանակում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությամբ Գագիկ Ծառուկյանը հունիսի 16-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Գաղտնի քվեարկություններով Ազգային ժողովը համաձայնություն տվեց Դավթյանի երկու միջնորդություններին` Ծառուկյանին ազատությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։

Ծառուկյանը ինչպես խորհրդարանում, այնպես էլ դատարանի դիմաց հայտարարել է, որ քրեական գործը «շինծու է, իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում» իշխանություններին քննադատելու համար։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել